ՄԵԾ ՊԱՀՔ, օր քսանութերորդ, ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ աղոթել առանց վհատվելու: Եվ ասաց.
-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»:


Ապա Տերը շարունակեց.


-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա:


Այս առակն էլ պատմեց նրանց, ովքեր իրենց մասին այն համարումն ունեին, թե արդար են և արհամարհում են ուրիշներին:


-Երկու հոգի տաճար գնացին աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին, մի կողմ կանգնած, ինքն իրեն աղոթում էր՝ ասելով. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշ մարդկանց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ նման չեմ նաև այս մաքսավորին. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ամբողջ եկամուտի տասանորդը տալիս եմ տաճարին»: Իսկ մաքսավորը, մի քիչ հեռու կանգնած, աչքերն առանց վեր բարձրացնելու կուրծքն էր ծեծում և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր մեղավորիս մեղքերը»:


-Ասում եմ ձեզ,- եզրակացրեց Հիսուս,- մաքսավո՛րն է արդարացած տուն գնաց և ոչ թե փարիսեցին, որովհետև ՈՎ ՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՎԻ, ԵՒ ՈՎ ՈՐ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ, ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱ:


(Ղուկասի ավետարան 18:1-14)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան