Թուրինջը (գրեյպֆրուտ) պայծառացնում է տեսողությունը
Թուրինջ (գրեյպֆրուտ) ՝ թարգմանաբար նշանակում է՝ արեւադարձային ծառ եւ նարնջանման պտուղ։
Սատապազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ է։
Սատապ բառը հունարեն ունի օգնել, փրկել իմաստը։
Վիտամին C-ի պարունակությամբ թուրինջը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ 15 գրամ թուրինջը բավարարում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջը։

 


Թուրինջը պարունակում է օրգանական թթուներ (1,5-2,5%), դառը գլիկոզիդ նարինգին, պեկտիններ, ներկանյութ, ոչ մեծ քանակությամբ շաքարներ (3,5-6,5%), բիոֆլավոնոիդներ, վիտամիններ՝ P, B1, B2, B5, B6, B9, PP, եւ ենթավիտամիններ A եւ D, կալիում, կալցիում, խինին։
Կեղեւը պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր, գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են թուրինջի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիայում։ Գիտնականները գտնում են, որ թուրինջն ունի հետեւյալ օգտակար հատկությունները.
- իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
- ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
- այրում է ճարպերը,
- կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
- լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
- դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

 


Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը եւ հիշողությունը։ Թուրինջի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։ Թուրինջը գործնականում ալերգիա չի առաջացնում։

 


Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։
Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի եւ ուտել սնունդ ընդունելուց հետո։
Ավիտամինոզի եւ հոգնածության դեպքում՝ խմել 50-ական գրամ գրեյպֆրուտի թարմ հյութ՝ սնունդ ընդունելու ժամանակ։
Փորկապության դեպքում մաքրել թուրինջի կեղեւի արտաքին շերտը եւ ուտել ամբողջությամբ, բաժանելով 2 մասի։

 


Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։ Եթե դուք երկմտում եք՝ խմել հյո՞ւթը, թե՞ ուտել պտղամիսը, ապա պետք է իմանալ, որ հյութից ստացվող օգուտը մի փոքր քիչ է։
Մրգային սառը խառնուրդ
Մաքրել կեղեւից 2 նարինջ, կես կարմիր թուրինջ, քամել պտուղների հյութը։ Բլենդերով հարել 1,5 ադամաթուզ, ավելացնել մրգահյութը, 5-7 հատ սառույցի խորանարդիկներ։ Հարել, մինչեւ ստացվի համասեռ զանգված։
Վիտամինային խառնուրդ լյարդի համար
Խառնել կեսական բաժակ ձիթապտղի յուղ եւ թարմ պատրաստված թուրինջի հյութ։ Խմել քնելուց առաջ։ Օգտագործել շաբաթական երկու անգամ։
Այս դեղատոմսը հակացուցված է պանկրեատիտի եւ լեղաքարային հիվանդության դեպքում։

 


Հակացուցումներ։
Թուրինջի հյութը հակացուցված է դեղորայք ընդունող հիպերտոնիկ եւ սրտային հիվանդներին։
Օգտակար աղցաններ տեսողության համար
- 250 գրամ գազարը քերիչով անցկացնել։ Մեկ դեսերտային գդալ կիտրոնի եւ 0,5 թուրինջի հյութերը խառնել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 15 գրամ մանրացրած ընկույզ։ Ստացված զանգվածը խառնել քերած գազարի հետ։
- Փոքր թուրինջը մաքրել արտաքին շերտից։ Սոխը կեղեւից մաքրել, 1-2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, հանել, չորացնել։ Թուրինջը կտրատել, դնել ափսեի մեջ՝ վրայից էլ կտրատած սոխը։ Շուրջը լցնել թթվասեր։
Սրճային ըմպելիք գրեյպֆրուտով

 


250 գրամ կեղեւից մաքրած թուրինջի դիլիմները ծակել ասեղով, վրան լցնել 500 մլ օղի, 40 հատ չբոված սուրճի հատիկ եւ 200 գրամ շաքար, 4-5 հատիկ համեմունքային մեխակ, 2 շաբաթ պահել հով տեղում։ Ունի առույգացնող, կազդուրող եւ կենսագործունեությունը բարձրացնող հատկություն։
***
Թուրինջը լայնորեն կիրառվում է գեղարարական նպատակներով։ Օգտագործվում է հյութը, պտղամիսը եւ կեղեւը։
Համարվում է, որ թուրինջի հյութն արդյունավետ միջոց է մաշկի պեպենների սպիտակեցման համար։
Ճարպոտ եւ նորմալ մաշկի դեպքում թուրինջի հյութն օգտագործում են որպես դիմակների հավելում։ Նաեւ մշակում են մաշկը պտղակեղեւի թուրմով։
Դիմակ թուրինջով
Հանքային ջուրը լցնել բաժակի մեջ, պահել 5-10 րոպե թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Հովանալուց հետո ավելացնել կես թուրինջի հյութ։ Թեթեւ շփել դեմքը այս լուծույթի մեջ թրջած բամբակե խծուծով։ Այս միջոցը նեղացնում է մաշկի ծակոտիները։

 

Վրեժ Հովսեփյան