Թուրքիան փորձում է ԱՍԱԼԱ-ի մարտիկների վրիժառության զոհ դարձած թուրք դիվանագետի կիսանդրին կանգնեցնել Բրյուսելում: 1983-ի հուլիսի 14-ին, Ֆրանկլին Ռուզվելտ պողոտայի վրա սպանվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան ադմինիստրատիվ կցորդ Դուրսան Ակսոյը:
Ռուզվելտ պողոտայում կոթող բարձրացնելու առաջարկով թուրքերը Բրյուսելի իշխանությանը դիմել են անցած ամռանը, Ցեղասպապանության 100- ամյակի տարում: Մինչեւ օրս, այդ նախաձեռնությունը ադմինիստրատիվ տեղապտույտի մեջ է. պարզ չէ Բրյուսելի քաղաքապետարանը, թե Բրյուսելյան շրջանի վարչակազմը պետք է հուշարձան տեղադրելու թույլտվություն տա:
"Լա լիբրը Բելժիք" պարբերականը գրում է' հայ համայնքը դեմ չէ թուրք դիվանագետի հիշատակի հավերժացմանը, բայց կասկածներ ունի դրա դրդապատճառների շուրջ: Նմանօրինակ մի գործընթաց էլ թուրքերը Ֆրանսիայում են փորձում առաջ մղել:
"Մենք սկզբունքորեն համաձայն ենք, որ անկախ ահաբեկչության բնույթից պետք է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Սակայն ակնհայտ է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում , թուրք պաշտոնյաները փորձում են նույն նժարի վրա դնել իրենց բնույթով բոլորովին տարբեր երկու փաստեր' ցեղասպանությունը եւ հարձակումը",- ասել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահ Գրեգուար Ժախյանը (Grégoire Jakhian):
Հայերը նկատում են' Բրյուսելում ուրիշ գործիչներ էլ են սպանվել, որոնց հիշատակին կոթողներ չկան: Նրանք հիշեցնում են' 1981-ի հունիսի 1-ին Ռուզվելտ պողոտայից մի հարյուր մետր հեռու սպանվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցիչ Նաիմ Խադերը...
Կից նյութն՝ այստեղ:
Արտակ Հերիքյան