Կառավարության նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները: Նա, մասնավորապես, ասել է. «Մեր ոսւումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով և այդ պատճառով, հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի:

 

Եթե թվերը դիտարկենք 2014 թվականից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե մենք ուսումնասիրենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Ըստ Արտակ Շաբոյանի, եթե վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին: Նա բերել է հանձնաժողովի իրականացրած համեմատություններն այլ երկրների հետ, ըստ 2015թ.-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7 տոկոսով»:

 


Շարունակելով, հանձնաժողովի նախագահն ասել է. «Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Հաշվի առնելով նաև հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում՝ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս: Այսինքն, եթե համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է և նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա»:

 

Անահիտ Գրիգորյան