Ինչպես արդեն գիտենք, Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, «Россия» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, խոսելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին, մեկ շատ անհաջող պատմական օրինակ բերեց' Օսմանյան կայսրության և այնտեղ ապրող քրիստոնյաների հետ կապված:

 


Ինձ և վստահ եմ նաև շատ-շատերին առնվազն անհասկանալի և իմաստազուրկ թվաց Պատրիարքի նմանօրինակ «պատմական էքսկուրսը»: Սակայն այդ անորոշ զգացողությունը շուտով ցրվեց' շատ կարճ ժամանակամիջոցում Պատրիարքի մամուլի քարտուղարի հերքմամբ: Քարտուղարը մասնավորապես նշեց, որ Հայերի ցեղասպանության հարցում ռուսական եկեղեցու տեսակետը բազմիցս է հնչել տարբեր պաշտոնական հայտարարությունների և Պատրիարքի ուղերձների մեջ և դրանք մնում են անփոփոխ, իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորշման լավագույն ապացույցը ռուսական եկեղեցու պատվիրակության այցն էր Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով:
Իրականում, եթե փորձենք այս հարցը խորության մեջ դիտարկել, ապա պարզից էլ պարզ է դառնում, որ Կիրիլի խոսքը ուղղակի շփոթմունք էր, վրիպակ, որը կարճ ժամանակում ուղղվեց հենց Ռուսական եկեղեցու կողմից:

 


Բայց այս ամբողջ պատմության մեջ մի չլուսավորված էջ էլ է ևս մնում: Որևէ մեկը ինքն իրեն հարց ուղղե՞լ է, թե ո՞րն է պատճառը, որ այդ հերքումը այդքան արագ տեղի ունեցավ, չէ ո՞ր դա հենց այնպես տեղի ունենալ չէր կարող, չէ ո՞ր այդ ուղղությամբ պետք է համակողմանի և հետևողական աշխատանք կատարվեր: Շատ հավանական է, որ այս ամենի ետևում կանգնած լինի հայոց դիվանագիտությունը' ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի: Չգիտենք, հստակ չենք կարող պնդել, ո՞վ է կանգնած այս ամենի ետևում, բայց որ ճիշտ և օպերատիվ մոտեցում ցուցաբերվեց և դա էլ արվեց առանց դրոշակ դարձնելու, դա արդեն փաստ է:

 

Հայոց Տուն