Աշակերտների մեջ վեճ ծագեց, թե իրենցից ո՞վ է մեծը։ Հիսուսն ասաց նրանց.
-Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդներին, և իշխողները բարերար են կոչվում իրենց հպատակների կողմից։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Ընդհակառակը, ձեր միջից ամենամեծը թող լինի ամենափոքրի պես, և առաջնորդը՝ սպասավորի նման։ Ո՞վ է մեծը. սեղան բազմո՞ղը, թե՞ սպասավորը։ Անշուշտ, սեղան բազմողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Դուք միշտ մոտս մնացիք իմ փորձությունների ընթացքում, և ես ահա խոստանում եմ թագավորություն տալ ձեզ, ինչպես իմ Հայրը խոստացավ ինձ տալ։


(Ղուկասի ավետարան 22:24-29)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի։ Աղոթեցե՛ք մեզ համար, որովհետև համոզված ենք, որ մեր խիղճը մաքուր է, և ուզում ենք ամեն ինչում ուղիղ գործել...
Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ
բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուսին, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար։ Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։


(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17-21)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան