Ավարտվում է ոչ սովորական տարին՝ այն խորհրդանշում էր մեր ազգային մեծագույն աղետի 100-ամյա տարելիցը: Բայց արդյո՞ք մենք կարողացանք ամբողջությամբ հասկանալ և վերլուծել այդ ամենի պատճառներն ու հետևանքները, արդյո՞ք մենք կարողացանք վերջապես պատասխանատու լինել և ըմբռնել, որ ամեն ազգ կամ երկիր ինքը պետք է տնօրինի իր ազատությունը՝ չվերապահելով այն մեկ այլ ուրիշի: 1925 թվականին հայ պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան) Թիֆլիսում տպագրում է «Անցյալից» աշխատությունը, որը թերևս այդպես էլ մնաց ամենաանկեղծ ու ամենաազնիվ վերլուծությունը կատարված իրադարձությունների վերաբերյալ: Ահա հատվածներ այդ գրքից, որտեղ ներկայացվում է տարածաշրջանում ռուս-թուրքական պատերազմի սկզբին (1914-ի սեպտեմբեր) առաջացած հայերի համար քաղաքական անբարենպաստ իրավիճակը:
«Սուտը, ինչպես ասում են, երկնեց և ծնեց… մի մուկ: Նորից կարդացեք կաթողիկոսական թուղթը: Ի՞նչ էր իբրև պատասխան ասում ռուս կառավարությունն այդ պարզորոշ առաջարկություններին. օրինակ՝ ընդունո՞ւմ էր Թուրքահայաստանի կատարյալ ավտոնոմ անջատումը սուլթանի իրավասությունից: Ո՛չ, չէր ընդունում այդ առաջարկներից և ոչ մեկը: Եվ ի՞նչ էր առաջարկում իր կողմից: Ոչ մի նոր բան, և հայերը՝ պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով... Բայց սա դեռ քարը գլուխը: Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրորդ մասը, որից երևում է, որ ռուս կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, և այս պայմաններն ընդունել են հայերը:
Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը և կասի, որ սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա՝ եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ՝ նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ հակառակ կողմում պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով ու սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին: Այս պարզ է ամենքի համար, բայց պարզ չէր այդ ոճրագործ ժողովներում, որոնք տեղի էին ունենում ցարական գեներալների հետ միասին, և որոնք չէին բավարարվում կամավորական զորք տալով, այլև դնում էին ռուսահայերին էլ, թուրքահայերին էլ Վորոնցով-Դաշկովի (Կովկասի փոխարքա) տրամադրության տակ, որ ինչպես ուզի՝ խաղացնի, ինչպես ուզի՝ ապստամբեցնի…
Ահա թե ուր էին մեզ հասցրել «փրկիչները»: Մինչև սպանդանոց, մինչև ոչխարային ողջակիզման Գողգոթա: Այլևս հեռու գնալու տեղ չէր մնում: Ի՞նչ կարող է ունենալ մի ժողովուրդ ավելի թանկ, քան իր կյանքը: Եվ երբ այդ մեծագույն բարիքը, այդ ամենաթանկ ստացվածքն էլ ինքնաբերաբար տրվում է ամբողջովին՝ առանց վերապահության, այլևս ո՞ւր գնալ, ի՞նչ անել…»:
Ռուբեն Շուխյան