Գուցե նաև ոչ պատահական զուգադիպությամբ՝ Հայաստան պետության համար խիստ կարևոր փոփոխությունների մեկնարկի առաջին օրը համընկավ մեր ժողովրդի ազգային աղետի զոհերի հիշատակման օրվան: Սակայն ինչն է կարևոր՝ վերջին շրջանում մեզանում նկատվող համազգային ոգու վերելքը, ներքաղաքական գործընթացների գլխավոր պատասխանատուների խոհեմ վարքի արդյունքում արձանագրված խաղաղ հանգուցալուծումն ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին, որ հայ ժողովրդի դեպքում «այլևս երբեք-ի» խորհուրդի հիմնական երաշխավորն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունն է:
Այն էներգիան ու ջերմությունը, որ կուտակվել է այսօր համայն հայության բոլոր շերտերում՝ որոշ առումով նաև նպաստելով համազգային համերաշխության, պետք է նպատակաուղղված կերպով օգտագործել՝ ի նպաստ մեր պետության զարգացման և այդ գործում ողջ ժողովրդի միասնական ջանքերի համադրման:
Նախօրեին հայության շրջանում ամենուր ցնծության տրամադրություն էր, այսօր՝ ցեղասպանված հայրենակիցների հիշատակի ոգեկոչման, իսկ վաղվանից արդեն՝ «նոր» Հայաստանի կերտման, որի մասնակիցը պետք է լինի այս օրերի գործընթացներին որևէ կերպ մասնակից յուրաքանչյուր ոք, քանի որ այդ Հայաստանի համար պատասխանատուն ողջ ժողովուրդն է՝ յուրաքանչյուրս իր տեղում անձնվիրաբար և պատասխանատվությամբ իր գործն անելով և, իհարկե, «ժողովրդի իշխանության» պատվիրակվածների ամեն մի քայլի հանդեպ նույնքան պահանջատիրությամբ:
Եվ ամենակարևորը՝ ոչ միայն պահպանում, այլ համատարած ենք դարձնում այն սիրո, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը, որն ունենք այսօր: