Հիսուսը տեսնելով, թե ինչպես հրավիրվածները պատվավոր տեղերն էին փնտրում, նրանց հետևյալ առակն ասաց.
-Երբ մեկը քեզ հարսանիքի կամ խնջույքի հրավիրի, սեղանի գլուխը մի՛ նստիր, որովհետև կարող է պատահել, որ քեզնից ավելի հարգարժան մեկն էլ հրավիրված լինի։ Այն ժամանակ քեզ և նրան հրավիրողը կգա և քեզ կասի. «Տեղդ նրա՛ն տուր»։ Եվ դու, խայտառակ լինելով, կնստես ամենավերջին աթոռին։ Ընդհակառակը, երբ հրավիրվես, գնա՛ և նստի՛ր վերջին աթոռին, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա, ասի քեզ. «Բարեկա՛մ, ավելի վե՛ր բարձրացիր»։ Այն ժամանակ դու հրավիրվածների մոտ
պատվի արժանացած կլինես. որովհետև ով իր անձը բարձրացնի, պիտի խոնարհվի, իսկ ով իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանա։

 


Ապա Հիսուսն ասաց տանտիրոջը.
-Երբ ճաշի կամ ընթրիքի հրավեր տաս, մի՛ կանչիր բարեկամներիդ կամ
եղբայրներիդ, ազգականներիդ և հարուստ հարևաններիդ, որպեսզի չլինի թե նրանք էլ քո հրավերի փոխարեն քեզ հրավիրեն և այդ ձևով հատուցում արած լինեն քեզ։ Ընդհակառակը, երբ ճաշկերույթ տաս, կանչի՛ր աղքատներին և խեղանդամներին, կաղերին ու կույրերին և այն ժամանակ երանելի կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և իմացի՛ր, որ դու քո հատուցումը կստանաս արդարների հարության ժամանակ։
Երբ սեղանակիցներից մեկը լսեց այս խոսքերը, ասաց Հիսուսին.
-Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ։
Հիսուսը հետևյալ առակը պատմեց.

 


-Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։ Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։ Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։
(Ղուկասի ավետարան 14:7-24)

 


Ռուբեն վարդապետ Զարգարյան