Այսօր կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնք վերաբերում են մարզերում մի քանի ընտանիքի բնակարանային հարցի լուծմանը:
Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերի մի խումբ բնակիչներին կհատկացվեն բնակարաններ: Հաստատվել է վերոնշյալ մարզերում ֆինանսական աջակցություն ստացող բնակիչների ցանկը: Հինգօրյա ժամկետում նշված ընտանիքների հետ կկնքվի ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: Բնակարանների ձեռք բերման վերջնաժամկետ է սահմանված մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը:

 


Մեկ այլ որոշմամբ սահմանվեց Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող' 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով սեփականաշնորհելու հնարավորությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվեց վեցամսյա ժամկետում ապահովել նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:

 


Վերովշյալ որոշումների ընդունումը պայմանավորված է ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովման, սոցիալական լարվածության մեղմացման, առավել խոցելի խմբերի համար հասցեական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունից:

 

Անի Սանոսյան