Ինչպես գիտենք, այս տարի եղանակային պայմանները բարենպաստ էին գյուղացու համար և արձանագրվել էր բերքատվության աննախադեպ աճ:
Մասնավորապես, այս տարին բերրի էր խաղողագործության ոլորտում: Նման պայմաններում հարկավոր է ճիշտ և օպերատիվ կազմակերպել ստացված բերքի վաճառքը:
Այս տարվա աննախադեպ աճը իհարկե ոգևորիչ է, սակայն առաջ են քաշվում մթերման և վաճառքի խնդիրներ:
Մասնավորապես գյուղացիներից ոմանք բողոքում էին , որ գործարաններն իրենց խաղողը ընդունում են տարբեր գներով, իսկ ոմանց դժգոհությունը կայանում էր նրանում, որ գործարանների կողմից մերժվում է խաղողի ընդունումը:
Իրականում ստեղծվել էր հետևյալ իրավիճակը: Խաղողի վաճառքը նախատեսված էր 150 դրամով. սակայն բոլոր գյուղացիները չէ, որ կարողանում են ապահովել որակյալ խաղող: Բնական է,որ խաղող արտադրողի արտադրանքի որակից կախված է գինեգործի արտադրանքի որակը: Այս դեպքում, եղել են դեպքեր, երբ անորակ խաղողը վաճառվել է 120 դրամով և գնի իջեցման պատճառը եղել է բացառապես որակը:
Այս տարվա առատ բերքի համակարգման և գյուղացուն ավելորդ խնդիրներից ազատելու նպատակով, գործադիր մարմնի ղեկավարը դեռ փետրվարից սկսել էր խորհրդակցությունները մթերող կառույցների հետ: Խնդիրներ իհարկե կային, և ամենակարևորներից մեկն այն է, որ համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ իրավիճակով պայմանավորված զգալիորեն ընկել էր բնակչության գնողունակությունը, և մթերող ընկերությունները չէին կարողանում վաճառել իրենց մթերված ապրանքն արտերկրում:
Վերջին տվյալներով մթերվել է 185 հազար տոննա խաղող, ինչը ի դեպ հավասար է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշին: Հաշվի առնելով այս տարվա բերքատվությունը, սպասվում է, որ մինչև հոկտեմբերի վերջ մթերվելու է ևս 20-30 հազար տոննա խաղող, ինչը նշանակում է, որ բոլոր գյուղացիները կկարոնանա վաճառել իրենց բերքը:
Մարինա Ներսեսյան