Արևելյան բռնապետներից մեկը, ըստ Ավետիք Իսահակյանի նկարագրության, ասում էր. «Եթե սեփական մորուքիս մազն անգամ իմանա, թե ինչ եմ մտածում' արմատից կպոկեմ այն»: Մեկ այլ բռնակալ' Չինգիզ խանը, զգալով, որ Մահը մոտենում է, զորք է կանգնեցնում իր անծայրածիր երկրի սահմաններին, որպեսզի արգելի նրա մուտքը նախ' երկիր, հետո' մայրաքաղաք, հետո' պալատ: Հետո նա ինքն է զինվում, որպեսզի առաջինը հարված հասցնի Մահին, բայց շուտով ձեռքը թուլանում է և սուրը վայր է ընկնում: Չինգիզ խանը հրամայում է թունավորել բոլոր ծովերն ու օվկիանոսները, գետերն ու լճերը, որպեսզի իր հետ մեռնեն բոլոր մարդիկ: Հրամանը չի կատարվում, որովհետև նազիր- վեզիրները չեն լսում տիրակալի ձայնը, քանի որ Մահն արդեն բռնել էր նրա լեզուն…
Արդի բռնակալներն այդքան միամիտ չեն, որպեսզի առասպելների հավատան: Նրանց լիովին բավարարում են աշխարհիկ բարիքները: ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն, օրինակ, հանդուրժում է, որ իրեն մամուլում /ախ, այդ մամուլը/ փադիշահ անվանեն. «Հազար անգամ երախտապարտ ենք Բարձրյալին, որ նա մեզ այսպիսի իմաստուն և արդարամիտ փադիշահ է տվել,- գրել է «Թուրքիստոն» թերթը:
Ամենուրեք պատերազմ է, ընչազուրկ մարդիկ, տնտեսական ճգնաժամ, իսկ մենք շարունակում ենք աշխարհը զարմացնել մեր նվաճումներով»: Օրերս իր երկրի նախագահին ժողովրդի հավատի ու վստահության ակունք է անվանել Ադրբեջանի նախագահի մանկլավիկներից մեկը' պաշտոնյա Մամեդովը: Բայց արդի տիրակալներից «ամենաինքնատիպն», հավանաբար, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն է, ում «բարեմասնություններն» իրենց զեկույցում շարադրել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իրավապաշտպանները:
Դեռ մայիս ամսին հանդիսավորությամբ բացվել է այս նախագահի ոսկեզօծ ձիարձանը, որի շինարարության համար գումար է պահվել քաղաքացիների աշխատավարձից: Տարբեր միջոցառումների ժամանակ նախագահին ողջունելու և ծափահարելու համար զանգվածաբար գործի են դնում բնակչությանը: Բոլորովին վերջերս' ս.թ. օգոստոսի 5- ին, յոթ ժամ շարունակ փողոցում սոված- ծարավ նախագահին սպասելու հետևանքով երեք մարդ է մահացել, 10- ից ավելին' հոսպիտալացվել: Պաշտոնական մամուլը Բերդիմուհամեդովին նվիրված ներբողներ է տպագրում:
Նրա պատվին Աշգաբադում թանգարան է բացվել: Բերդիմուհամեդովը նաև հատուկ տիտղոս ունի' «Արկադաղ» /«Հովանի»/, Թուրքմենստանի հերոս է: Նոր ուսումնական տարուց սկսած Թուրքմենստանի դպրոցներում ուսումնասիրվում են Բերդիմուհամեդովի' իր հորը, պապին և… թուրքմենական գորգին նվիրված վեպերը: Նրա կառավարման տարիներն անուն ունեն' «Հզորության և երջանկության դարաշրջան»: Անհատի պաշտամունքն իբրև երևույթ անմահ է: Ժամանակի ընթացքում տիրակալներին մեծարելու ձևերն ավելի ու ավելի են կատարելագործվում:
Անի Սանոսյան