Ադրբեջանում ավարտվում է, այսպես կոչված, Մեծ նավթի դարաշրջանը: Հավանաբար, կարելի է պնդել, որ ավարտվում է նաև British Petroleum ընկերության և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան «ոսկյա դարը»: Հասկանալի է, որ այս գործընթացը տևական է, և BP ընկերության դիրքերը դեռ բավական ամուր են: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանին (և տարածաշրջանին) սպասվում են գազի դարաշրջանը, գազակոնդենսատի նոր դաշտերի վրա իշխելու հարցը, Կասպիցի սահմանազատման տակավին չլուծված և պոտենցիալ հսկայական լարվածություն պարունակող խնդիրը, ֆրանսիական (և իսրայելական) ընկերությունների և կապիտալի եռանդուն «հարձակումը», տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային զարգացման խնդիրները: Եվ ամենակարևորը' տարածաշրջանում ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն գործընթացների» երկու մեծ սցենարների առկայությունը' եվրոպական և եվրասիական:


Այստեղ ամենակարևորն (ու մտահոգիչն) այն է, որ ինչպես 1994-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ստորագրումը սերտորեն միահյուսված էր Ադրբեջանում «Մեծ նավթի դարաշրջանի» կերտման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շրջափակման գործընթացների հետ՝ համահունչ «Ալիևի դոկտրինի» աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն սցենարին», այնպես էլ այսօր տակավին անհայտ ու դժվար նշմարելի միտումներ կարող են ընկած լինել մոտ ապագայի «գազի դարաշրջանի», Հարավային Կասպիցի սահմանազատման և նոր «տարածաշրջանային ինտեգրացիոն սցենարների» թիկունքում:


Կարող ենք փաստել, որ ՌԴ-ում և Վրաստանում վերջին ժամանակահատվածում ընթացող քաղաքական և իշխանական գործընթացները հստակ լավատեսության հիմք չեն տալիս: Բայց նաև վստահ ենք, որ առկա են լուրջ վտանգներ: Դրանցից ամենատեսանելին ու անմիջականն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունն է տարածաշրջանում՝ պայմանավորված. նավթային դարաշրջանի ավարտով, 2009թ. սահմանադրական փոփոխություններով և 2018թ.նախագահական ընտրություններով, 2006-ից մեկնարկած սեփական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումով, դրանում Իսրայելի (և ՌԴ) էական դերակատարմամբ, ռազմականացման պետական համալիր ծրագրի մշակմամբ և իրականացմամբ, հակաիրանական պլացդարմի ստեղծման ներկայիս գործընթացներով սեփական քարոզչության և մյութոսների ծուղակն ընկնելով:


Wikileaks-ի հրապարակումների, ինչպես նաև այլ բազմաթիվ աղբյուրների ուշադիր զննումը փաստում է, որ Շահութաբերության իրական դրույքի արժեքի շուրջ առկա տարաձայնությունները երևան եկան այն պահին, երբ BP-ն ադրբեջանականիշխանություններին ներկայացրեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանման իր մշակած համալիր ծրագրի դրույթները' այսպես կոչված «Սպիտակ գիրքը», իսկ Ադրբեջանի իշխանությունները, միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին, ձեռնամուխ էին եղել Ազերի-Չիրագ-Գյունեշլիի հարակից գազը որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելուն: Նույն այդ ժամանակ ԱՄՆ իշխանական տարբեր օղակները, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում Ադրբեջանի վրա Վրաստանին գազի մատակարարումներ ապահովելու, վերջինիս ՌԴ-ից ստացվող գազից «կտրելու» և 2006-07թթ. ձմեռները «տաք» և անցնցում անցկացնելու ուղղությամբ:


Փաստենք, որ Շահութաբերության իրական դրույքի հետ կապված ազերի իշխանությունների աղմկահարույց քարոզչությունը մեկնարկեց հենց այդ ժամանակ, միանգամայն գիտակցված կերպով՝ նպատակ ունենալով հիմնականում երկու բան: Առաջինը' սպասարկել սեփական տարածաշրջանային քաղաքականությունը' (Կենտրոնական Ասիա)–Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա–Իսրայել–ԵՄ առանցքով «էներգետիկ կամրջի» կայացում, Վրաստանին դեպի Ադրբեջան ուղղորդում, տարածաշրջանում ՀՀ մեկուսացման խորացում, ԼՂՀ ջլատում և իշխում: Մյուսը կապված էր ներքին խնդիրների հետ: BP-ի նկատմամբ կոշտ հայտարարություններով, վերջինիս դատարան տանելու սպառնալիքներով ու ծավալած ցուցադրական եռուզեռով Ի.Ալիևը ամրապնդում էր իր իմիջը՝ որպես իր երկրի քաղաքացիների և պետական շահերի աննկուն պաշտպան:

 

Արմեն Հովասափյան