«Ադրբեջանը տնտեսական նոր դարաշրջան է թևակոխել»- մանաթի 50 տոկոսանոց արժեզրկումից ուշքի չեկած բնակչությանը հայտարարում է կառավարության հովանավորությունը վայելող կայքը և փորձում ապացուցել, որ նախագահ Ալիևն, իբր, անցած տարեվերջին սկսել է տնտեսական մի բարեփոխում, որի նպատակն է նավթարդյունաբերությունը փոխարինել տնտեսության նոր կողմնորոշմամբ, ոչնչացնել առանձին ոլորտների մենիշխանությունը, դյուրացնել ձեռներեցության պայմանները և այլն:
Նախագահի առաջին (իսկ ինչո՞ւ առաջին՝ ոչ ոք չի հասկանում) քայլերը վկայում են, որ նա ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ և նոր ծրագիր է կենսագործում: Ընդ որում, նկատի առեք, Ալիևը չի էլ վախենում ձեռնարկած միջոցներին ուղեկցող բացասական երևույթների համար պատասխանատվությունից: Նա արդեն նվազագույնի է հասցրել պետության միջամտությունը բիզնեսին և գործարարությանը: Մի առանձնահատկություն էլ է նշում կայքը. պարզվում է՝ Ալիևը բարեփոխում է անում ոչ թե կառավարության երաշխավորությամբ, այլ, որքան էլ տարօրինակ թվա՝ միայնակ, դրանով իսկ սեփական ուսերին բարդելով պատասխանատվության բեռը:

 

 


Այսքանից իրականում ակնհայտ է դառնում Ադրբեջանի իշխանությունում արդեն մոտ մեկ տարի շարունակվող ճգնաժամը, որը կայքի լրագրողները համառորեն իբրև բարիք են ներկայացնում: Բայց նրանք նաև ընդունում են, որ երկրի տնտեսական աճն այլևս չի կարող հենվել նավթի բարձր գնի վրա: Տնտեսության արդյունավետությունն այժմ պայմանավորված է բիզնեսով, մտավորականության ներուժով և նորամուծությամբ: Այս համատեքստում կայքը քննադատության սլաքն ուղղում է դեպի երկրի կենտրոնական բանկի «ապաշնորհ» ղեկավարությունը և նախարարությունների նույնքան ապաշնորհ պաշտոնյաները:
Համաշխարհային շուկայում նավթի էժանացման միտումները վաղուց էին նկատելի բոլորին, բայց ոչ՝ Ադրբեջանի պատկան մարմիններին:

 

 


«Ո՞ւր էին նայում երկրիս վերլուծաբանները, ինչո՞ւ նրանք չհասկացան և չհիշեցրին, որ մատենում է թանկ նավթի դարաշրջանի ավարտը, ինչո՞ւ ոչինչ չարեցին, որպեսզի տնտեսությունը նախապատրաստեն նոր փուլի համար»,- հուսահատ հարցերի շարան է հնչեցնում կայքը և հավելում.«Ո՞ւր էին նայում Էներգետիկայի նախարարության մասնագետները, ինչո՞ւ նրանք, ովքեր պարտավոր էին կանխատեսել նավթի համաշխարհային գների անկումը, չկարողացան կատարել իրենց անմիջական պարտականությունը: Ինչո՞ւ նրանց մեղքով Ադրբեջանը անպատրաստ դիմավորեց տեխնիկական նոր հեղափոխությունը՝ նոր, այլընտրանքային էներգակիրների դարաշրջանը»:

 

 


Այս պայմաններում տնտեսական ճգնաժամի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ստանձնել է պետության ղեկավարը,- կրկին հիշեցնում է կայքը՝ Իլհամ Ալիևին սահմանազատելով իր իսկ աճեցրած ու նշանակած կադրերից՝ նպատակ ունենալով տնտեսական փլուզման տարբեր փուլերում պատասխանատվության կանչել հերթական մեղավորին: «Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ մոտ ժամանակում չի կարելի բացառել պետական չինովնիկների թվի զգալի կրճատումը, առանձին նախարարությունների և գերատեսչությունների միավորումը՝ էլ չասած որոշ ղեկավարների փոխարինման և նոր, ուժեղ և ճկուն թիմի ստեղծման մասին»,- եզրափակում է կայքը:

 


Այս ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարությունը, նավթի էժանացման հետևանքով առաջացած տնտեսական ծանր դրության պատճառով, սկսել է փակել արտասահմանի իր դիվանագիտական որոշ ներկայացուցչություններ: Կայքն այսօր պարզել է, որ շուտով կփակվեն Ադրբեջանի՝ Ուրուգվայի, Կոլումբիայի և Կուբայի առևտրային ներկայացուցչությունները, Ջենովայի, Լիբանանի, Բրատիսլավայի, Խարկովի, ամերիկյան Սանտա- Ֆեի պատվավոր հյուպատոսությունները, որոնք պահելու համար տարեկան միլիոնավոր դոլար էր հատկացվում: Բացի այդ, հետաձգվել է ադրբեջանական դեսպանությունների բացումը Թայլանդում, Օմանում, Իրաքում և Աֆղանստանում:

 

 

Նարեկ Սարգսյան