Վանը հայոց պետականության հնագույն բնօրրան է... Բացառիկ է Վան (Տուշպա) քաղաքի եւ Վասպուրական աշխարհի դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Վանի (Արարատյան) հայկական թագավորության մայրաքաղաքը հիմնադրվել է դեռեւս մ. թ. ա. 830-ական թվականներին: Վանը դասվում է աշխարհի այն պատմական բացառիկ քաղաքների շարքին, որոնք դարերի ընթացքում մշտապես եղել են բնակեցված եւ մշտապես ունեցել են կամ մայրաքաղաքի, կամ վարչական կենտրոնի կարգավիճակ: Հայերը, հարյուրամյակներ չունենալով պետականություն, անդադար պայքարել են Վանը որպես հայկական բնօրրան պահպանելու համար:


Ամենադրամատիկ իրադարձությունները ծավալվեցին 1-ին աշխարհամարտի ընթացքում: Վանի 1915 թ. մայիսյան հերոսամարտի հաղթական ավարտից հետո անսպասելիորեն կատարվեց մեծ դավաճանություն: Ռուսական զորքը տարօրինակ կերպով ուղղակի լքեց Վասպուրականի տարածաշրջանը' այն դեպքում, երբ թուրքական կանոնավոր զորամիավորումները արդեն ետ էին քաշվել ռազմաճակատից' խորը դեպի հարավ-արեւմուտք: Հայ գաղթականությունը եւ փոքրաթիվ հայ ինքնապաշտպանական ջոկատները մնացին մինչեւ ատամները զինված քուրդ գրոհայինների վայրագություններին դեմ-հանդիման: Հայերի ետնահանջը Վանից մեծագույն ողբերգություն դարձավ մեր ազգի համար: Վանից դուրս եկող բոլոր ճանապարհները լցված էին անմեղ խաղաղ բնակչության սարսափելի խոշտանգումների ենթարկված դիակներով: Քրդերը, իրենց բացարձակ անպատժելի զգալով' վերջնականապես վայրենացել էին եւ դարձել իսկական մարդակեր ու արյունախում գազաններ:


Հետագայում ռուսական զորքերի չհիմնավորված և ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված նահանջները Վանից կրկնվեցին եւս երեք անգամ, որի ընթացքում հայ ազգաբնակչությունը նույնպես ծանր կորուստներ կրեց: Բայց ժողովուրդը զորքի վերադառնալուն պես դարձյալ վերադառնում էր քանդված Վան' նորից այն վերաշինելու համար:

 

Պատմում էին, որ ռուսական զորքի սպաներն արդեն իսկ բացեիբաց հայտարարում էին, թե "անհանդուրժելի է այլևս ձեր ժողովրդի այդ աներեւակայելի համառությունը": 1917 թ. կրկին հայերը շենացնում էին Վանը, սակայն ռուսական հեղափոխությունը վերջնականապես խառնեց ամեն ինչ: Ու երբ 1918-ի մարտի վերջին Վանի երկու նորակազմ հայկական զորագնդերը ուղղություն վերցրին դեպի հայրենի քաղաք, նրանք թուրք-պարսկական սահմանագլխին հանդիպեցին վանեցի գաղթականների քարավանին ու իմացան, որ սկսվել է Վանի վերջին նահանջը, եւ քաղաքում այլևս ոչ մի հայ չի մնացել:

 


Ավարտվեց արդյոք այսքանով Վանի հայկական պատմությունը, թե ի վերջո բարենպաստ պատմական պայմանները թույլ կտան նորից հայերին տեր դառնալ իրենց այդ հնագույն բնօրրանին' ցույց կտա ժամանակը: Նկարում' Վանի համայնապատկերն է, արված 1884 թ. եւրոպացի մի ճանապարհորդի կողմից:

 

Ռուբեն Շուխյան