
Սկսենք Բագրատունիներից. Սեբեոսի «Առաջին Դպրությունը» մեզ է ներկայացնում ծագումնաբանական հետևյալ պատկերը. Հայկյան Փառնավազի որդիներն էին Բագամն ու Բագարամը: Բագարամի որդին էր Բյուրամը, սրա որդին՝ Ասպատը: Ինչպես տեսնում ենք, պատմիչը՝ ճիշտ և ճիշտ Խորենացու պես, ուրույն ձևով է մեկնաբանում տիտղոսների և պաշտոնների անունները Հայոց մեջ, տվյալ դեպքում, «Ասպետ» տիտղոսի համար փորձելով ապահովել ծագումնաբանական հիմք՝ Փառնավազյան Ասպատից: Բայց խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ Բագրատունյաց տոհմն ուղիղ գծով կապելով Հայկյան արքայատոհմին, ներկայացնում է ծագումնաբանական հենց այն գիծը, որ քաջ հայտնի էր նաև Խորենացուն, բայց որն ապացուցելու համար չունենալով գրավոր հիմք, տվյալ դեպքում՝ «Հայոց Նախնական Պատմության» այն հատվածը, որ եղել է Անանուն Ա-ի ձեռքի տակ, Պատմահայրն ազդվելով Հովսեփոս Փլավիոսից՝ տուրք էր տվել հինավուրց այս տոհմին եբրայական ծագում տալու անհիմն վարկածին: Ավելին, Սեբեոսի «Առաջին Դպրության» մեջ ցույց է տրվում նաև Բագրատունյաց անմիջական կապը Անգեղ Տան հետ՝ Տուն, որից սերվել և նթա 3-րդ հազարամյակի կեսերին առանձնացել են Հայկյանները. «Եվ Բագարամի որդիներին տրվեց Արևմտյան կողմանց՝ իրենց ժառանգությունը, որն Անգեղ Տունն է...»: Այսինքն, Հայկյան տոհմն առաջնորդում է Բագամը՝ Փառնավազի ավագ որդին, իսկ կրտսեր որդու՝ Բագարամի զավակներ Բյուրամն ու Ասպատը ժառանգում են Անգեղ Տունը՝ Թեգարմա-Թորգոմյան օրրանը: Ահա, Բագարամի այս ժառանգներից Բագարատը ստանում է իր անվամբ նոր տոհմ սերելու իրավունքը և Վաղարշակի արքայական կամքով սկիզբ դնում Բագրատունյաց նախարարությանը: Ուշագրավ է, որ պատմիչների տեղեկությունները համընկնում են մի շատ կարևոր հարցում. Հայաստան ոտք դնելուն պես, Վաղարշակն արքայական իր օծումը ստանում է Բագարատից: Ճիշտ է, Անանունի մոտ արքան կոչվում է «Արշակ», կան նաև որոշ այլ տարբերություններ. ըստ Խորենացու աղբյուրի, Բագարատը Հայաստանից դուրս էր եկել և անցել Պարսկաստան՝ այնտեղ ծառայելու Վաղարշակին և ապահովելու նրա գալուստը: Իսկ Անանունի տեղեկությամբ, նա Հայաստանում է ընդառաջ ելնում նոր ժամանող տիրակալին և օծում նրան Հայրենի Թագով, նստեցնում ոսկեզոծ, ակնակուռ գահին: Այս տարբերություններից շատ ավելի կարևոր է այն, որ բոլոր դեպքերում, Բագարատին արդե՛ն պատկանում էր Արքա օծելու աստվածային իրավունքը, որը շատ հասկանալի է, եթե չմոռանանք, որ նա ներկայացնում էր Հայկազանց ակունք Անգեղ Տան տոհմը: Ու ամենևին էլ զարմանալի չէ, որ մեր ինքնության ակունքներում կանգնած, բոլոր դարերում՝ Հայոց պետականության նվիրյալ մարտիկն ու ջատագովը հանդիսացած հենց այս տոհմի ծագման վկայագիրը պետք է կեղծվեր եբրայեցիների և քրիստոնյա դպիրների հետևողական ջանքերով: Ահեղ Տորքի պաշտամունքն ու խորհուրդը դարերի մեջ փոխանցած, Հայոց տիրակալների ազնվությունն ու անբասիր ծագումը սրբազան իրավունքով հաստատած այս տոհմի՛ն հենց տրվեց եբրայական ծագումնաբանություն, և այդ ահավոր խայծը կուլ տված մեր պատմիչ-պատմաբանները մինչև օրս, անհասկանալի մի համառությամբ հրաժարվում են դեն նետել այդ սուտը՝ կեղծիք, որի դեմ ընդվզել էին իրենք՝ Բագրատունիները: Եվ այսպես, Վաղարշակը սահմանում է Բագրատունյաց տոհմը, որը Բագարատից սկսած, այսուհետ առանձնանում էր Անգեղ Տնից: Հավանական է, որ հենց այս շրջանում են նրանք տիրանում Բագավանին՝ իբրև պարգևական կալվածքներ: Հետագայում, Պապ արքայի կողմից իբրև նվեր՝ Գահին ու Թագուհուն անմնացորդ ծառայության համար, նրանք պետք է ստանային նաև Կոգովիտն՝ Այրարատում, և աստիճանաբար վերածվեին հայ իրականության ամենազորեղ նախարարական տոհմի՝ Սյունյաց և Արծրունյաց տոհմերի հետ միասին կազմելով Հայոց դիմադրական ուժն ու կենսունակությունն ապահովող ազնվական գլխավոր եռյակը:
Միաժամանակ, Հայոց արքաներին օծելու՝ Անգեղտան զավակներին պատկանող անխախտ սովորույթը ստանում է օրենքի ուժ՝ դառնալով կոնկրետ պաշտոն. Հայոց Թագադիր Ասպետություն: Հատկանշական է, որ պարսից արքունիքում նույնպես, արքայի իրավունքները հաստատող, այսինքն, նրան թագադրող, օծող գործակալը պետք է պարտադիր կերպով լիներ նույն՝ արքայական տոհմից: Մեզանում, ամենևին էլ զարմանալի չէ, որ ազգի ծագման ակունքներում կանգնածին պետք է տրվեր՝ նրա առաջնորդների օրինականությունն հաստատելու սրբազան իրավունքը: Իբրև ամփոփում, նշեմ, որ եթե մեր մատենագիրները ցանկանում էին շեշտել որևէ արքայի օրինականության կասկածելիությունը, առաջին հերթին նշում էին, որ նա չի օծվել Հայոց Թագադիր Ասպետի կողմից: Բագրատունիներին արքունի գործակալության կառավարումը վստահելով, Վաղարշակը Անգեղտան բուն տոհմին թողեց Հայոց Արևմուտքի կուսակալությունը: Սա է պատճառը, որ շատ հաճախ, պատմիչների մոտ՝ Արևմտյան ուղղության զինուժի առաջնորդությունը մերթ Բագրատունիներին, մերթ Անգեղ Տանը վերագրելու շփոթ կա. դարերով ամրագրված ավանդույթ էր՝ Արևմտյան կուսակալության առաջնորդի դերում Անգեղտան զարմերին տեսնելը, և միաժամանակ, չնայած Խորենացու կողմից մեզ մատուցած ծագումնաբանական սխալ թեզին՝ Բագրատունիների ինքնագիտակցության, նաև ազգի մեջ հաստատուն էր՝ նրանց Հայկազյան ծագման համոզմունքը, ուստի, զուրկ՝ արդեն ոչնչացված ցուցակներից օգտվելու հնարավորությունից, պատմիչները շփոթել են գործակալական պաշտոնը՝ տոհմային ծագման, ժառանգական իրավունքի և պարտավորության հետ:
Հարկ եմ համարում անդրադառնալ նաև Սպարապետական գործակալությանը, որի ստեղծման մասին տեղեկություններ մեզ չեն հասել: Թե ե՞րբ է այն հիմնվել՝ արդյո՞ք Վաղարշակի, թե՞ նրա հաջորդներից մեկի կողմից՝ ստույգ հայտնի չէ: Փաստ է, սակայն այն, որ Հայոց պետականության ողջ շրջանում, եզակի բացառություններով, այս գործակալության ղեկավարությունից Մամիկոնյանները հեռու են եղել: Այսինքն, չնայած կղերական մատենագիրների համառ ջանքերին՝ մեր պետականության պատմության մեջ ամենուր Մամիկոնյաններին ներկայացնել իբրև սպարապետներ, իրականությունն այլ է: Վաղարշակից սկսած՝ մինչև Տրդատ 3-րդի գահակալումը, մենք ընդհանրապես չենք հանդիպում Մամիկոնյան տոհմի կարևոր դերակատարության: Հայ արքաների մղած պատերազմներում երբեք չի խախտվել ռազմական չորս ուղղությունների օրինաչափությունը, և հաճախ հիշատակվող նախարարությունների անունները ուղղակի կապ են ունեցել ռազմական գործողությունների ուղղությունների հետ: Հայոց զորքերը հիմնականում վարել են Բագրատունիները, Բզնունիներն ու Ռշտունիները: Տրդատ 3-րդի օրոք Սպարապետական գործակալությունը վարում էին Մանդակունիները: Արտավազդ Մանդակունու մահից հետո Տրդատը նոր սպարապետ չկարգեց՝ բանակը հանձնելով չորս զորավարությունները վարողների առաջնորդությանը: Խոսրով Կոտակի օրոք Հայոց զորքերը գլխավորում էին Արշավիր Կամսարականն ու Անդովկ Սյունին: Հենց նրանց հաղթական մարտերն են ապահովում Տիրանի, իսկ հետագայում նաև՝ Արշակի գահակալությունները, և բացահայտ կեղծիք է Բուզանդի կողմից Մամիկոնյանների՝ եկեղեցական գործիչների ակտիվ հովանու ներքո Հայկազուն տոհմերից կալվածքներ փախցնող եկվոր ճյուղին, որը հաստատված էր Տարոնում, իբրև Սպարապետներ ներկայացնելը: Պարզապես, Հայոց անկախ պետականության կորստից հետո այդ գործակալությանը տիրացած Մամիկոնյանները ձգտել են իրենց տոհմին վերագրել Հայոց ռազմուժի առաջնորդության ժառանգական իրավունքը: Արշակ արքայի օրոք միայն՝ Հայոց բանակը գլխավորել է Վասակ Մամիկոնյանը, բայց նրանից հետո այդ պաշտոնն անցնում է Սմբատ Բագրատունուն: Պապ արքայի սպարապետը Բագրատունի Սմբատն էր, այլ ոչ՝ Մուշեղը: Պապից հետո, մինչև երկրի իշխանության՝ Մամիկոնյան Մանվելի կողմից բռնազավթումը, Հայոց Սպարապետությունը վարել է Բատ Սահառունին: Մամիկոնյանները Սպարապետական գործակալությունը ստացան Սահակ Պարթևի շնորհիվ՝ Հայաստանի անկախության կորստից հետո:
Այստեղ հարկավոր է վերանայել Ցեղակրոն ուսմունքի մեջ տեղ գտած պատմական մի անճշտություն, որն իր խորքում շատ կարևոր հարց է շոշափում: Խնդիրը հետևյալն է. ցույց տալով հեթանոս հայի՝ Թագի և Հայրենիքի հանդեպ պաշտամունքի խորությունը, Ցեղակրոն ուսմունքի տեսաբաններն իրավացիորեն համարել են, որ այդ պաշտամունքի՝ սերնդե սերունդ փոխանցման արդյունքում, մեզանում ձևավորվել է Ազգի և Հայրենիքի համար կռվելու պատրաստ ուխտվածների մի շերտ, որի զավակների մեջ մանկուց սերմանված էր այդ արժեքների համար մեռնելու կամքը: Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո, ըստ Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի և Հայկականության այլ տեսաբանների, այս առաքինության կրողները եղել են Մամիկոնյանները: Ահա Մամիկոնյանների միջոցով էլ փորձ է արվել՝ հիմնավորել հատուկ դաստիարակության միջոցով Ազգի և Հայրենիքի համար ուխտվածների սերունդ դաստիարակելու գաղափարը: «Ցեղապաշտության» բաժնում ես հանգամանորեն ցույց եմ տալիս Մամիկոնյանների և Անակի տոհմի հետ կապված՝ մեր պատմագրության և բանասիրության մեջ առկա հիմնական մոտեցումները: Ցույց եմ տալիս նաև, թե ինչով են պայմանավորվել այս երկու տոհմերի հետ կապված՝ Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների հիմնադիրների մոտեցումները: Այստեղ պետք է պարզապես փաստել, որ հիմնական պատճառները՝ կղերական պատմիչների շարադրանքներն էին և դրանց հիման վրա ստեղծված՝ վիպական գրականությունը: Թերությունները՝ հատկապես պատմական բնույթի, առկա են բոլոր ուսմունքներում, և դրանք շատ բնական են. գիտությունը երբեք չի դոփում տեղում, և ամենևին էլ հարկ չկա աչք փակել պատմական անճշտությունների վրա: Դրանով մենք սերունդներին ենթարկում ենք քարացած կաղապարներում խարխափելու վտանգին: Մյուս կողմից, այդ անճշտությունները չպետք է դառնան հիասթափության պատճառ, առիթ՝ ուսմունքի տված արժեքավոր գաղափարներից երես թեքելու համար: Պատմական հիմքը սրբագրելով՝ շատ ավելի բարձրանում է տվյալ գաղափարի արժեքը: Հայրենիքն ու Ազգը զենքը ձեռքին պաշտպանող ուխտվածներ էին դաստիարակում բոլոր այն տոհմերը, ովքեր բնականորեն կազմում էին Հայոց պաշտպանական համակարգի ողնաշարը: Դրանք Անգեղտան զարմերն էին, Սյունիները, Արծրունիներն ու Խոռխոռունիները: Դրանք Հաշտենից ոստանիկ իշխաններն էին և Սլկունիները, որոնց վրա դրված էր սրբազան Սիմ լեռան պաշտպանության գործը: Մեր պատմության մեջ եզակի երևույթ է, երբ ազնվական մի մեծ տոհմ զերծ է մնում արքունի գործակալություններին մաս կազմելու պարտավորությունից, և զբաղվում է միայն՝ կոնկրետ տարածքի, տվյալ դեպքում՝ Սիմ լեռան պաշտպանությամբ: Սիմ լեռան խորհուրդը դեռևս բացահայտված չէ: Այն Տավրոսյան շղթայի՝ երկաթահանքերով հարուստ շտեմարաններից էր, և բացառված չէ, որ այստեղ էր գտնվում Հայոց զինագործության կենտրոններից մեկը: Մեկ այլ հանգամանք. պատահական չէ, որ Հայաստանի բռնի քրիստոնեացման երկար ու ձիգ նկարագրությունների մեջ, պատմիչները խուսափում են նշել՝ Տրդատին ու Գրիգորին ընդդիմացած տոհմերի անունները: Եզակի բացառություններից են Հաշտենից ու Սլկունյաց տերերը: Հետագայում հիշատակվում են նաև քահանայապետների անօրենություններին ընդդիմացած Մանավազյանները, Որդունիները, Բզնունիներն ու Ռշտունիները: Ես պատահական չեմ համարում, որ հատկապես Հաշտյանքն ու Սլկունիների զբաղեցրած տարածքները թե աշխարհագրորեն, և թե պաշտամունքային կարևորության առումով բավականին մոտ էին իրար: Հաշտենից իշխանը ներկայացվում է, որպես քրմական զորքերի կարևորագույն առաջնորդներից մեկը: Շատ կարևոր է՝ նրա հասցեին արված «գայլակորյուն» հիշեցումը, որը հեթանոս հայոց, հնդկաց և պարսից մեջ շատ տարածված «մակդիր» էր: Հաշտյանքն ու Ասպակունյաց տարածքը, Քարքե լեռն ու ընդհանրապես, Տարոնի մեծագույն մասը ոչ միայն կրոնական կենտրոններ էին, այլև՝ ռազմական կարևոր դարբնոցներ: Բոլոր հիմքերը կան՝ համոզված ասելու, որ այստեղ ձևավորված էին անպարտելի ռազմիկներ տվող սրբազան դպրոցներ: Դիցական խորհուրդ ունեցող և սրբազան համարվող ռազմական այս հզոր ուժի առկայությունն ու բնույթը մանրամասնորեն նկարագրված են «Ցեղապաշտության» բաժնում: Հաշտենից իշխանին՝ քրմական զորքերի շարքում հիշատակելն, այսպիսով, պատահական չէ: Պատահական չէ նաև՝ Սղուկ Սլկունու անվան հիշատակությունը: Սղուկն այն իշխանն էր, ով բացահայտ կերպով ընդդիմանալով Տրդատի հրամանին, ազգային հավատքի համար պայքարի կոչ է անում բոլոր իշխաններին, ու փակում դեպի Սիմ լեռ տանող ճանապարհները: Հայկական Տավրոսի որոշ գագաթներ հայտնի էին, իբրև Նախնյաց պաշտամունքի կարևորագույն կենտրոններ, ընդ որում՝ տարածաշրջանային առումով: Դրանցից էր և Սիմը: Այս լեռը ոչ միայն առանձնահատուկ էր՝ իր ռազմավարական նշանակությամբ, այլև սրբազան՝ օժտված Հայոց աշխարհի բոլոր ծայրերը Նախնյաց սրբազան հիշատակով իրար ագուցելու զորությամբ: Եվ Սլկունյաց ռազմատենչ տոհմը հենց այս կարևոր խորհրդի պահապանն ու կրողն էր:
Ցեղային սրբազան արժեքների համար կռվելու և մեռնելու պատրաստ ուխտվածների սերունդներ, այսպիսով, մենք շատ ենք ունեցել: Եվ միջնադարում նույնպես, Հայոց հինավորց տոհմերից շատերն են բազմիցս ցույց տվել՝ հանուն Ազգի ու Հայրենիքի մեռնելու իրենց կամքը: Վկան՝ Սյունյաց իշխանների, Բագրատունիների, Արծրունիների, Խոռխոռունիների՝ ժառանգաբար փոխանցվող արիության ու անձնանվիրումի հիշատակումները: Հայոց սպարապետներ՝ անկախ պետականության տարիներին, տվել են այսպիսով այն տոհմերը, ովքեր պարբերաբար վարել են ռազմական գլխավոր ուղղությունների առաջնորդությունները: Դրանք եղել են Բագրատունիները, Մանդակունիներն ու Բզնունիները, Ռշտունիներն ու Սյունիները: Տայքում ձևավորված Մամիկոնյանների բուն տոհմը մեկ անգամ միայն՝ տվել է սպարապետ. դա Վասակ Մամիկոնյանն է: Մամիկոնյանների՝ Տարոնում հաստատված եկվոր ճյուղն, ընդհանրապես, Սլկունիների, Մանավազյանների, Որդունիների ու Բզնունիների դավադիր ոչնչացման իր «հռչակով» չէր կարող վայելել Հայկազուն իշխանների հարգանքն ու վստահությունը: Սպարապետական գործակալությանը նրանք տիրացան միայն 5-րդ դարում՝ եկեղեցու ջանքերի շնորհիվ:
Վաղարշակի հիմնած պաշտոններից շատ կարևոր էր Մաղխազության գործակալությունը, որը վարելու պատիվն ու պարտականությունը բոլոր ժամանակներում տրված է եղել Հայկյան Խոռխոռունիներին:
Շարունակելի
Գևորգ Հովհաննիսյան