Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նոյեմբերի 29-ինն է: 93 տարի առաջ այս օրը Հայաստանում սոցիալիստական կարգերի հաստատմամբ սկսվեց հայոց պատմության և հայոց պետականության նոր ոսկեդարը: Այդ օրն էր, որ հայ նվիրյալ բոլշևիկները ստանձնեցին իրենց հայրենիքի ազատագրության և բարգավաճման պատասխանատվությունը և պատվով կրեցին այն տասնամյակներ շարունակ:

Այսօրվա մեր իրավիճակը, ցավոք, անչափ մոտ է այն օրերին Հայաստանում ստեղծված իրավիճակին: Թալան, սով, աղքատություն, անգրագիտություն, մաուզերիստներ... Եվ այդ ամենի վերջը տալու համար բավական չէր լինել մտավորական կամ իմաստուն, քաջարի կամ վճռական: Պետք էր նույն պահին մեկտեղել բոլոր դրական հատկանիշները, զանց առնե ողջ մտավորական փափկամորթությունը, պատրաստ լինել հանուն հաղթանակի զոհելու ամեն ինչ: Եվ ի պատիվ Սարգիս Կասյանի, Իսահակ Դովլաթյանի, Ավիս Նուրիջանյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի, Ալեքսանդր Բեկզադյանի և Ասքանազ Մռավյանի, դա նրանց և նրանց արժանապատիվ հետնորդներին հաջողվեց:

Հաշված տարիների ընթացքում վերացվեց անգրագիտությունը, հետամնաց ագրարայաին երկիրը դարձավ պատկառելի արդյունաբերության տեր: Բնակչությունը գրեթե հնգապատկվեց: Բոլոր նվաճումների շարադրանքը կխլի տասնյակ ժամեր, անշուշտ, այժմ նաև դրա պահը չէ: Սակայն իրավիճակի աներկբա նմանությունը, երկրի դատարկումը, հսկայական հետընթացը և որ ամենակարևորն է՝ ՛՛Կա այդպիսի կուսակցություն՛՛ ասողների բացակայությունը այլընտրանքի հնարավորություն չեն թողնում:

Հայաստանում սոցիալիստական համակարգի հաստատումն այընտրանք չունի: Սոցիալիզմի այլընտրանքն է աղքատությունն ու չքավորությունը, անգրագիտությունն ու խաբեությունը, թալանն ու բարոյական անկումը, ազդեցության գործակալների և օտարերկրյա շահեր հետապնդողների առատությունը:

Սոցիալիզմի հաղթանակն անխուսափելի է: Իսկ դրա համար անհրաժեշտ է մեկ բան՝ Հայաստանի բոլոր սոցիալիստների համախմբումը կարմիր դրոշի ներքո: Աշխատավոր ժողովուրդը պետք է ակնհայտորեն տեսնի այն ուժին, որը պատրաստ է կառուցել հզոր, ապահով, բարեկեցիկ ու անվտանգ պետություն և որը հանուն այդ վեհ նպատակի ոչինչ չի խնայի:

Անշուշտ, այսօր դա կլինի շատ ավելի դժվար, քան 93 տարի առաջ: Բայց ներկայիս հնարավորություններն էլ շատ ավելին են:

Ուստի հիշենք սոցիալիտական պայքարի երեք հիմնարար սկզբունքները՝

1. Ով մեր դեմ չէ՝ մեզ հետ է:

2. Եթե թշնամին չի հանձնվում՝ նրան ոչնչացնում են:

3. Այն, ինչ սկսվել է, պիտի հասցվի մինչև վերջ:

Եվ չվարանենք անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամ առաջ մեր հաղթանակն արձանագրելու և հզոր ու բարեկեցիկ Հայաստան կերտելու համար:

Համախմբվենք, և կսկսենք մեր պատմության հաջորդ ոսկեդարը:

Շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ օրվա առթիվ: