Օրերս համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի' Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Ծրագրով նախատեսվում է կենսական նշանակություն ունեցող ճանապարհներից 155 կմ հատվածի վերակառուցումը, ինչը իր հերթին կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը՝ հիմնականում գյուղական բնակչության համար, և գյուղացիական տնտեսությունների աշխուժացմանը:
Խնդիրն այն է, որ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ կեսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար ներդրումների կարիք է զգացվում: Առևտրի դյուրացումը և տեղական արտադրողների կապը շուկայի հետ շարունակում են հանդիսանալ գյուղական աղքատության կրճատման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործոն: Ճանապարհային վատ պայմանների հետևանքով գյուղական բնակավայերի առևտուրը ամբողջ ծավալով չի իրականացվում, քանի որ շուկաների հետ կապը սահմանափակ է: Այդ իսկ պատճառով գյուղացիների կողմից բերքը ժամանակին շուկա չի հասցվում, որի արդյունքում էլ բերքի մի մասը փչանում է:

 


Ծրագրային առաջին տարվա աշխատանքները ներառում են 5 մարզերում 7 տարբեր ճանապարհային հատվածների վերակառուցումը, իսկ մնացած հատվածները կորոշվեն ծրագրի իրականացմանը զուգընթաց: Նշված յոթ տարբեր ճանապարհային հատվածները վատ կամ շատ վատ վիճակում գտնվող ասֆալտե ճանապարհներ են, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 50.5 կմ:
Կենսական նշանակության ճանապարհների բարելավման (LRNIP) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ ներմուծվում է նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման նոր ենթաբաղադրիչ, որը թույլ կտա տարերային կամ տեխնածին աղետների դեպքում վարկային ֆինանսավորումն արագ կերպով ուղղել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը:

 


Ամփոփելով նշենք, որ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը բխում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից, նոր նախապայմաններ է ստեղծում գյուղական բնակավայրերի զարգացումը խթանելու համար և աղետների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ստեղծում:

 

Նարեկ Պողոսյան