Բնավ դեմ չեմ քննադատությանը, համարելով այն զարգացման և առաջընթացի կարևոր գրավականներից... ցանկացած ոլորտում, կապ չունի: Բայց երբ քննադատությունը տեղի է ունենում ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով, այ դա արդեն... չեմ հասկանում:
Վերջերս հայկական մամուլում նյութ էր տարածվել, որտեղ իրանահայ լրագրողը մեղադրել էր հայկական կողմին, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը երեք կարևոր հայտարարություն է հնչեցրել, և դրանք մնացել են անպատասխան»: Բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, ինչպես նշվել է հրապարակման մեջ. «Նավթի նախարարը հայտարարություն արեց և ասաց, որ պատրաստակամ են Եվրոպային գազ մատակարարել ու որպես երկրորդ ճանապարհ տեսնում են Հայաստանը: Առաջինը Թուրքիան է, բայց այդ տարբերակն իրենց սրտով չէ:
Սա Հայաստանի էներգետիկ անվտանգությունը այնպիսի մակարդակի կբարձրացնի, որ այսօր չենք էլ երազում։ Երկրորդ հայտարարությունը այն է, որն արել է Իրանի ազատ գոտիների հարցով պատասխանատու անձը, վերաբերում է Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելուն: Վերջապես երրորդը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկմանը»:
Հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ նկատառումների վրա.
1. Հայտարարությունը հնչեցրել է ոչ թե ԻԻՀ նավթի նախարարը, այլ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին (ս.թ. մայիսի 18-ին իրանական «Mehr» գործակալության թղթակցին տված հարցազրույցի ժամանակ):
2. ԻԻՀ նավթի փոխնախարարը Հայաստանը, որպես իրանական գազի համար տարանցիկ երկիր, համարել է ոչ թե երկրորդ, այլ երրորդ տարբերակ (առաջինը Թուրքիան է, երկրորդը՝ Իրաք-Սիրիա-Լիբանան-Միջերկրական ծովը, երրորդը՝ Հայաստան-Վրաստան-Սև ծովը):
3. Իր խոսքում ԻԻՀ նավթի փոխնախարարը չի նշել, թե Իրանը «պատրաստակամ է Եվրոպային գազ մատակարարել»: Նա, ընդամենը, խոսել է իրանական գազը Եվրոպա առաքելու հնարավոր տարբերակների մասին: Կարծում եմ՝ դրանք տարբեր բաներ են:
4. ԻԻՀ նավթի փոխնախարարը չի հայտարարել, թե «Թուրքիան իրենց սրտով չէ»:
5. Անկեղծ ասած՝ շատ եմ փնտրել Հայաստան-Իրան-Նախիջևան սահմանի մոտ նոր առևտրաարդյունաբերական ազատ գոտու ստեղծման վերաբերյալ իրանցի պատասխանատու անձանց որևէ հայտարարություն, բայց չեմ գտել (չեմ բացառում, որ գուցե լավ չեմ փնտրել): Սակայն զուտ տրամաբանորեն վերցրած՝ իրանական կողմից նման հայտարարությունը քիչ հավանական է թվում, քանի որ Իրանն այդ հատվածում ունի տնտեսական ազատ գոտիներ: Դրանց կողքին ևս մեկը... չգիտեմ:
6. Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի վերագործարկման մասին՝ հավանաբար հիմք է ընդունվել իրանցի պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր, որ «Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթգծի վերագործարկման շուրջ բանակցություններն սկսվել են»: Դե արդեն հասկացաք նման հայտարարության անլրջության աստիճանը... Իրան-Ադրբեջան-Հայաստան, համենայն դեպս լավ է հնչում:
Ռուդիկ Յարալյան