Բոլորին է հայտնի, որ տարեսկզբին արտահանման ծավալները անցյալ տարվա տվյալներին զիջում էին ընդհուպ մինչ 25%, սակայն վերջին ամիսներին ցուցանիշները բավականին բարելավվել են և գրեթե հասնում են 2014-ի մակարդակին:
Վերը նշվածի մեջ մեծ դերակատարում ունեն կառավարություն ձեռնարկած բազմաթիվ քայլերը' սկսած այլ շուկաներ ձեռք բերելուց մինչև արտահանման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելը:
2015-ի առաջին կիասամյակի տվյալներով, արտահանումը նախորդ տարվա մակարդակը զիջում է ընդամենը 2,3%-ով։ Սույն ոլորտում կտրուկ ակտիվություն նկատվեց հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Եթե մայիսին հիմնականում վերականգնվեց նախորդ տարվա մակարդակը, ապա արդեն հունիսին այն 7 տոկոսով գերազանցեց 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչն էլ հնարավորություն տվեց զգալիորեն բարելավել այս ոլորտի տարեկան ցուցանիշները։

 


Հարկ է նշել, որ հունիսին էապես ավելացել է հայկական ապրանքների առաքումը հատկապես ռուսական շուկայում։ Ճիշտ է, ռուբլու արժեզրկման հետևանքով դեռևս անցած տարվա վերջին եռամսյակից սկսած լուրջ դժվարություններ են ի հայտ եկել Ռուսաստանում ներմուծվող ապրանքների իրացման հետ կապված, բայց և այնպես հունիսին այդ առումով բավական բարվոք է եղել հայկական ապրանքների համար։
Եթե 2015-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել ընդամենը 3,6 մլն դոլարի ապրանք, ապա արդեն վեց ամիսների արդյունքում այն հասել է 70,9 միլիոնի։ Դրանում իհարկե ուղղակի ազդեցություն է ունեցել նաև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ առևտի ցուցանիշների հստակեցումը։ Հարկ է նշել նաև, որ ԱՊՀ և ԵՄ-ից դուրս այլ երկրների հետ արտահանման շրջանառությունն առաջին կիսամյակում աճել է ավելի քան 20 տոկսով։

 


Մասնավորապես ակտիվություն է գրանցվել Շվեյցարիայի հետ հարաբերություններում։ Նախորդ տարվա ընդամենը 3,1 միլիոնի փոխարեն, այս տարի արտահանումը գերազանցել է 28,7 մլն դոլարը։ Ինչպես նաև չինական շուկայում տարեսկզբի առաջին վեց ամիսներին արտահանումն այստեղ ավելացել է շուրջ 35 տոկոսով՝ հասնելով 92 մլն դոլարի։
Արտահանման ծավալների աճ է գրանցել նաև դեպի Իրաք: Այն լավ շուկա է հատկապես հայկական ծխախոտի իրացման համար։ Առաջին կիսամյակի տվյալներով, արտահանումը Իրաք ավելացել է 52 տոկոսով՝ հասնելով 54 մլն դոլարի։

 


Հատկանշական է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանն այս երկրի հետ ուներ արտահանման գրեթե զրոյական ապրանքային շրջանառություն։ Այնինչ այսօր Իրաքը դարձել է Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը, որի բաժինն արտահանման մեջ մոտեցել է 7,7 տոկոսի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 5 տոկոսի սահմաններում էր։

 

Մարինա Ներսեսյան