Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և նրա համբավը տարածվեց ամբողջ գավառում։ Նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ արժանանալով բոլորի հիացմունքին ու գովասանքին։
Եկավ Նազարեթ քաղաքը, որտեղ սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը գնաց ժողովարան։ Երբ նա վեր կացավ կարդալու օրվա ընթերցվածը, նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը։ Նա բաց արեց և գտավ այն տեղը, որտեղ ասվում էր. «Տիրոջ Հոգին իմ վրա է, քանզի նա ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին,ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը կփրկի իր ժողովրդին»։
Ապա փակեց գիրքը, տվեց պաշտոնյային և նստեց։ Ժողովարանում բոլոր մարդկանց աչքերը նրա վրա էին սևեռված, երբ նա ասաց.
-Այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, այսօր ահա իրականացավ։
Բոլորն էլ տպավորվել էին նրանից և նրա շնորհալի խոսքերով հիացած՝ ասում
էին. -Այս մարդը Հովսեփի որդին չէ՞։
Հիսուսն ասաց. -Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամենը, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում, այստեղ՝ քո հայրենի գավառում էլ արա։
Եվ ավելացրեց.
-Բայց դուք ինքներդ էլ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրում պատիվ չունի։ Օրինակներով ձեզ ասեմ. Եղիայի օրերին Իսրայելում բազմաթիվ այրի կանայք
կային, երբ երեքուկես տարի երկնքից անձրև չտեղաց, և սաստիկ սով տիրեց ամբողջ երկրում։ Բայց Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց միայն Սիդոնին մոտիկ Սարեփթա գյուղում բնակվող մի այրի կնոջ մոտ։ Նույնպես, Եղիսե մարգարեի օրերին Իսրայելում բազմաթիվ բորոտներ կային, բայց նրանցից ոչ մեկը չբժշկվեց, այլ միայն Նեեման անունով մի ասորի։
Այս ակնարկությունները լսելով՝ ժողովարանում գտնվողները բարկությամբ լցվեցին։ Վեր կացան, Հիսուսին քաղաքից դուրս հանեցին և գահավեժ անելու նպատակով նրան տարան մինչև կատարն այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը։ Բայց Հիսուսն անցավ գնաց նրանց միջով։
(Ղուկասի ավետարան 4:14-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան