Միջուկային խնդրի շուրջ բանակցություններն ու Իրան-«վեցյակ» հանդիպումն, ըստ էության, այս պահին համաշխարհային նշանակության թիվ մեկ իրադարձությունն է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անդրադառնալով կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրին' նշել է, որ վիթխարի աշխատանք է կատարվել, որը կարող է կարևոր ներդրում ունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ կայունության և խաղաղության հաստատման համար։
Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև ընթացող բանակցություններին հրապարակել են համաձայնագրի մի շարք մանրամասներ, ըստ որոնց Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը:
Հաղորդվում է նաև, որ Իրան-«վեցյակ» համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունումից 90 օր անց, իսկ բանակցությունների ավարտից անմիջապես հետո բանաձևի համապատասխան նախագիծը կուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ անհապաղ ընդունման համար:
Հարկ է նկատել, որ համաձայնագրի կնքումից հետո Իրանին կթույլատրվի քաղաքացիական ինքնաթիռներն ու դրանց պահեստամասերը վաճառել, ամերիկացիներին պատկանող, սակայն ոչ ամերիկյան կազմակերպություններին:
Ինչ վերաբերում է Իրանին' զենքի մատակարարմանը, ապա որոշվել է, որ սկզբում կթույլատրվի պաշտպանական, իսկ ավելի ուշ նաև հարձակվողական զենքի վաճառքը, իսկ 800 իրանցի անհատներ ու իրանական կազմակերպություններ դուրս կբերվեն պատժամիջոցների «սև ցուցակից»:
Հ.Գ. Իրանի և «վեցյակի» միջև համաձայնության լուրերից հետո նկատվել է նավթի համաշխարհային գների անկում: Վերլուծաբանների կարծիքով՝ շուկան այդպես է արձագանքում իրանական միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությանը:
Տաթև Տիգրանյան