2003 թվականին մեկնարկ տրվեց Իրանի միջուկային ծրագրին: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտահոգված էին, որ վերջին հաշվով Իրանը կարող միջուկային զենք ստեղծել: 2006-2010 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցներ հաստատելու 4 բանաձևեր ընդունեց, ապա նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը միակողմանի սանկցաիների դիմեցին ընդդեմ Իրանի: Այդ պատժամիջոցները վերաբերում էին Իրանի էներգակիրների վաճառքին, ներդրումներին, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը և այլ հարցերի:


Սանկցիաների արդյունքում Իրանի արտահանումները կտրուկ նվազեցին, նվազեց նաև իրանական արժույթի' ռիալի փոխարեքը: Նավթի և նավթամթերքի արտահանման սահմանափակումները տնտեսական հարված հասցրին Իրանին' չնայած այն հանգամանքին, որ մոտավոր հաշվարկներով Իրանը տիրապետում է բնական գազի համաշխարհային պաշարների 16 տոկոսին և նավթի համաշխարհային պաշարների 10 տոկոսին, այսինքն Իրանն ունի էներգետիկ հզոր պոտենցիալ:


Մինչև 2013 թ. Իրանի ընդհանուր արտահանումները կրճատվեցին կրկնակի' հասնելով ընդամենը 61 մլրդ դոլարի: Նման ծանր պայմաններում Իրանի իշխանությունները ստիպված էին բանակցությունների գնալ Արևմուտքի հետ, իսկ 2013թ-ի նոյեմբերին Ռուսաստանի միջամտությամբ ձեռք բերվեցին Իրանի միջուկային ծրագրի կարգավորման նախնական պայմանավորվածություններ:


Իրանի և Վեցնյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան) միջուկային բանակցությունները, որոնք 2013թի նոյեմբերի 20-ից մտել էին զգայուն փուլ, ի վերջո չորս օր տևած սեղմ բանակցությունից հետո ավարտվեցին նախնական համաձայնագրի ստորագրմամբ:


Իսկ արդեն 2015 թ. ապրիլի 2-ին Լոզանում Իրանի ու Վեցնյակի միջև բանակցությունները ապրիլի 2-ին ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Բուն համաձայնագիրը ստորագրվելու է 3 ամսվա ընթացքում՝ մինչև 2015թ-ի հունիսի 30-ը:


Ամերիկյան կողմը հրապարակել է տեղեկատվություն Լոզանում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ.


• Իրանը երկու երրորդով կկրճատի աշխատող ցենտրիֆուգների քանակը, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար և կկրճատի ցածր հարստացված ուրանի պաշարները,


• Աշխատանքներում չօգտագործվող ցենտրիֆուգները կտեղադրվեն պահեստներում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն),


• Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ենթակա են ՄԱԳԱՏԷ-ի պարբերական ստուգումներին,


• Իրանը կվերակառուցի Արաքի ծանր ջրի արտադրման ռեակտորը, որպեսզի այն չկարողանա զինագործական պլուտոնիում արտադրել,


• Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները, կապված իրանական միջուկային ծրագրի հետ, քայլ առ քայլ կթուլանան, սակայն կարող են վերականգնվել այն դեպքում, եթե Իրանը խախտի իր վրա վերցրած պարտավորությունները:


Իրանի և Վեցնյակի միջև ձեռք բերված այս համաձայնությունը Մերձավոր Արևելքում ստեղծում է քաղաքական բոլորովին նոր իրավիճակ: Իրանը հնարավորություն է ստանում ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և տնտեսապես վերելք ապրել: Սա նշանակում է, որ Թուրքական պետությունը և տարածաշրջանային մյուս ուժերը ստիպված են լինելու իրենց քաղաքականությունը կառուցել նոր իրողություններին համապատասխան:


Հիշեցնենք, որ Իրանը ունի 1.6 մլն քառ. կմ տարածք և 2014թ-ի տվյալներով 80.8 մլն բնակչություն (բնակչությամբ աշխարհում 19-րդը), իսկ Իրանի ՀՆԱ–ն կազմում է մոտ 1.2 տրիլիոն դոլար:


Այս տվյալները ցույց են տալիս, որ Իրանը մեծ պոտենցիալ ունի ոչ միայն զարգանալու, այլև իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար: Իրանի և Արևմուտքի միջև ձեռք բերված համաձայնությունը փոփոխություններ է խոստանում նաև մահմեդական աշխարհում, քանի որ Իրանի բնակչության գերակշռող մասը Շիա մահմեդականներ են, իսկ Իրանի դիրքերի ամրապնդմամբ տարածաշրջանում կմեծանա նաև Շիա մահմեդականների դերը:

 

 

Նարեկ Պողոսյան