Հիսուս ասում է.


-Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ լրացնելու: Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը: Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի: Ասում եմ ձեզ, եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի:


(Մատթեոսի ավետարան 5:17-20)


Արդարև, առաջին Ուխտը ևս ուներ իրեն հատուկ պաշտամունքի կանոններ և
երկրային մի սրբարան՝ բաղկացած երկու մասից։ Նախ կար վրանի առաջին սրահը՝ Սրբություն կոչվածը, որտեղ գտնվում էին աշտանակը և առաջավորության հացի սեղանը։ Ապա՝ երկրորդ վարագույրի հետևում կար վրանի մյուս սրահը՝ Սրբությունների Սրբություն կոչվածը, որտեղ կային ոսկյա սեղանը՝ խունկ ծխելու համար, և Ուխտի տապանակը՝ ներսից և դրսից ոսկեպատ։ Այս Տապանակում էին պահվում մանանայով լի ոսկե սափորը, Ահարոնի ծաղկած գավազանը և Ուխտի տասնաբանյա պատվիրանների քարե տախտակները։ Տապանակի վրա կային Աստծու փառքը պատկերող քերովբեները, որոնք իրենց թևերով հովանի էին անում Քավություն կոչված կափարիչի վրա։ Ուրիշ մանրամասնությունների մասին այժմ չեմ ուզում խոսել։


Սրբարանը, ուրեմն, այդպես էր հարդարված։ Քահանաները պաշտամունք
կատարելու համար միշտ մտնում էին վրանի առաջին սրահը։ Բայց երկրորդ սրահը միայն քահանայապետն էր մտնում տարին մեկ անգամ, այն էլ իր և ժողովրդի անգիտությամբ գործած մեղքերի փոխարեն զոհի արյունը Աստծուն մատուցելու համար։ Այդ բոլորով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, թե քանի դեռ վրանի առաջին սրահը կանգուն էր մնում, բուն Սրբարանի մուտքը մեր առջև փակ էր, ինչը խորհրդանշորեն ցույց է տալիս, թե ներկայումս այդ Սրբարանը բաց է մեր առջև։ Այնտեղ մատուցված նվերներն ու զոհերը չէին կարող մաքրել պաշտամունք մատուցողի խղճմտանքը, որովհետև դրանք կապված էին ուտելիքի, խմելիքի և ծիսական զանազան լվացումների հետ։ Եվ այդ մարմնական կարգերն ի զորու էին մինչև ուղղության, այսինքն՝ մինչև նոր կարգերի հաստատման ժամանակը։


(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 9:1-10)

 

Ռուբեն աբեղա Զարգարյան