Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և նրան փորձելու համար մի նշան էին ուզում նրանից՝ Աստծուց նրա վկայված լինելը հաստատելու համար։ Հիսուսը պատասխանեց նրանց.
- Արևամուտին, երբ տեսնեք, որ հորիզոնը կարմրել է, կասեք. «Վաղը եղանակը լավ պիտի լինի»։ Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. «Այսօր փոթորիկ պիտի լինի»։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։ Աստծուն անհավատարիմ և չար այս սերունդը նշան է խնդրում, բայց Հովնան մարգարեի հետ պատահած հրաշքից բացի ուրիշ նշան չպիտի տրվի նրան։
Եվ նրանց թողեց ու գնաց։
Աշակերտներն էլ լճի մյուս կողմն անցան, բայց մոռացան հաց վերցնել։ Հիսուսն ասաց նրանց.
- Տեսե՛ք, զգուշացե՛ք սադուկեցիների և փարիսեցիների խմորից։
Աշակերտներն իրենց մեջ մտածում էին և ասում. «Այսպես է ասում, որովհետև հաց չվերցրինք»։ Հիսուսն իմացավ նրանց միտքը և ասաց.
- Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չունեք։ Դեռևս չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում, թե ինչպես հինգ հացով հինգ հազար հոգի կերակրվեցին, և կտորտանքներով քանի՞ սակառ լցրիք։ Կամ երբ յոթ հացով չորս հազար հոգի կերակրվեցին, քանի՞ զամբյուղ լցրիք։ Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, թե հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգուշացե՛ք փարիսեցիների և սադուկեցիների խմորից։
Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ նա հացի խմորի մասին չէր խոսում, այլ իրենց զգուշացնում էր փարիսեցիների և սադուկեցիների ուսուցումներից։
(Մատթեոսի ավետարան 16:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան