Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու Օրենքի ուսուցիչներ, որոնք Երուսաղեմից էին եկել, և ասացին.
- Ինչո՞ւ են քո աշակերտները անտեսում մեր նախնիների ավանդույթը։ Օրինակ՝ ճաշելուց առաջ չեն լվանում իրենց ձեռքերը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
- Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը՝ ձեր ավանդույթը պահելու համար. քանի որ Աստված ասում է. «Մեծարի՛ր քո հորը և մորը». և մի ուրիշ տեղ ասում է. «Ով որ իր հորը կամ մորն անիծի, մահվան պիտի դատապարտվի»։ Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ մորն ասի՝ «Այն օգնությունը, որ ստանալու էիր ինձնից, Աստծուն է նվիրված», պարտավոր չէ այլևս հարգելու իր հորը կամ մորը»։ Ահա այսպիսով դուք անարգում եք Աստծու խոսքը՝ ձեր ավանդույթը պահելու համար։ Կեղծավորնե՛ր, Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել ձեր մասին, երբ ասում է. «Այս ժողովուրդն ինձ մեծարում է միայն շրթունքներով, մինչ նրանց սիրտը շատ հեռու է ինձնից. զուր են նրանք ինձ պաշտում, քանզի իրենց ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են»։
Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին և ասաց.
- Լսեցե՛ք և հասկացե՛ք. ոչ թե բերանից ներս մտածն է պղծում մարդուն, այլ ինչ որ դուրս է ելնում բերանից, ա՛յն է պղծում մարդուն։
Այն ժամանակ աշակերտները մոտեցան նրան և ասացին.
- Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին քո ասածը, գայթակղվեցին։
Հիսուսը նրանց պատասխանեց.
- Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի լինի։ Թողե՛ք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ։ Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում։
Պետրոսը խոսք առավ և ասաց Հիսուսին.
- Բացատրի՛ր մեզ այդ առակը։
Հիսուսն ասաց.
- Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ։ Չե՞ք իմանում, թե ամեն ինչ, որ մտնում է մարդու բերանը, նրա ստամոքսն է գնում և ապա դուրս է ելնում։ Մինչդեռ ինչ որ ելնում է մարդու բերանից, նրա սրտի՛ց է գալիս, և ա՛յդ է, որ պղծում է մարդուն. որովհետև մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն։ Սրանք են, որ պղծում են մարդուն և ոչ թե անլվա ձեռքերով ճաշ ուտելը։
(Մատթեոսի ավետարան 15:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան