Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել՝ Թուրքիայի կողմից Սիրիա ուժեր մտցնելու և անվտանգության գոտի ստեղծելու մտադրության վերաբերյալ: Ուշագրավ է, որ տեղեկությունները տարածվել են նախ և առաջ իշխանական ԶԼՄ-ներից: Ըստ այդմ՝ Սիրիայում վերջին գործընթացներով և քրդական հաջողություններով պայմանավորված՝ Թուրքիան պատրաստվում է գործի դնել ռազմական ուժերը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու համար:

 

Վերջին շրջանում Անկարայում Սիրիայի հարցով բարձր մակարդակով անցկացված վեց անվտանգության խորհրդաժողովների արդյունքում որոշվել է ինքնուրույն գործողությունների իրականացումը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի կողմից ռազմական այդ գործողությանը մասնակցելու է 18 հազարանոց զորախումբ և նախատեսվում է 28-33 կմ խորությամբ Սիրիայի տարածք մտցնել ռազմական ուժեր՝ ավելի քան 110 կմ երկարությամբ տարածքում: Ցամաքային ուժերի հրամանատարությունը նաև մոտ 200 տանկ է մտցնելու և այդ հարցում հիմնական ուժերը մոբիլիզացվելու են Գազիայնթեփի 5-րդ և Ուրֆայի 20-րդ զրահատանկային բրիգադները:
Հիմա Թուրքիան փորձում է ամեն կերպ ստանալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համաձայնությունը, սակայն դրա բացակայության դեպքում էլ՝ ենթադրվում է նման գործողության ինքնուրույն իրականացում:

 

Լևոն Հովսեփյան