Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ դրանք
հնազանդեցնելով իր ցանկություններին։ Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծու ձեռքում։
Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք։ Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք։ Գոհություն Աստծուն, որ թեև մի ժամանակ ծառա էիք դարձել մեղքին, բայց որովհետև ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության ճշմարտությանը, մեղքի տիրապետությունից ազատվեցիք և արդարության ծառա դարձաք։ Ինչպես մի ժամանակ ձեր մարմինները անօրենության տված՝ ծառայում էիք պղծությանն ու անօրենությանը, այնպես էլ հիմա ձեր մարմինները սրբությա՛նը տվեք և ծառայե՛ք արդարությանը։
Երբ մեղքի ծառա էիք, դուք հեռու էիք արդարությունից։ Ի՞նչ շահեցիք այն ժամանակվա ձեր գործերից, որոնց համար ամաչում եք հիմա, որովհետև դրանց հետևանքը մահ է։ Բայց այժմ ազատ եք մեղքի
տիրապետությունից և դարձել եք Աստծու ծառաները։ Ձեր շահը սրբությանը նվիրված մի կյանք է, որի արդյունքը կլինի հավիտենական կյանքը, որովհետև մեղքի վարձը մահն է, մինչդեռ Աստված, որպես ձրի պարգև՝ հավիտենական կյանքն է տալիս մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 6:12-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան