Հալեպում ապրող հայ համայնքի վիճակը գնալով ծանրանում է:
Ի տարբերություն Սիրիայի մյուս քաղաքների, Հալեպը և ընդհանրապես Սիրիայի հյուսիսարևելյան կողմը գտնվում են թուրքական ռազմավարական քաղաքականության տիրույթում, որն առաջ են տանում ընդդիմադիր զինյալ խմբավորումները: Ռազմական գործողություններն ընթանալով հիմականում Հալեպում և նրան հարակից շրջաններում' օրհասական վիճակ են ստեղծել տեղի հայ համայնքի համար:
Պատերազմի ընթացքում մեծ թվով հայեր լքելով իրենց տները, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել և բնակություն են հաստատել Հայաստանում: Սակայն պետք է փաստել, որ կան բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնց ֆինանսական սուղ միջոցները, վերջիններիս հնարավորություն չեն տալիս լքել պատերազմական գոտին' տեղափոխվելով հայրենիք:
Ուստի հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը' վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողություններին և հատկապես Հալեպում բնակվող հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին, նշել է, որ կառավարությունը և իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար:
Հարկ է ևս մեկ անգամ կարևորել այն հանգամանքը, որ պետության կողմից առաջարկվող ամենափոքր օգնությունն անգամ, այս օրերին, մեծ օժանդակություն է Հալեպում բնակվող մեր հայրենակիցների և, նրանց անվտանգ տեղափոխությունը' դեպի Հայաստան կազմակերպելու գործընթացին:
Տիգրանուհի Դավթյան