Օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին, թե կմեկնի արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Երևան, մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառմանը հայտարարել է, որ «հարցը դեռևս քննարկման փուլում է, կարվի համապատասխան հայտարարություն»:


Ավելորդ է նշել, որ Պեսկովի այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը, հիշեցնենք, ՌԴ դաշնակից Հայաստանի մասին է: Եվ Պուտինը, ասել է թե, ուղղակի պարտավոր է ներկա գտնվել ոգեկոչման արարողությանը:


Այն, որ Պուտինը մինչ այս պահը չի կողմնորոշվել մասնակցել-չմասնակցելու հարցում իսկապես խոցելի է դարձնում հայ-ռուսական առանց այդ էլ ճաք տված հարաբերությունները, քանի որ մի բան է, երբ դու, ենթադրենք, զենք ես վաճառում քո դաշնակցի թիվ մեկ հակառակորդին, բայց դա տեղավորվում է բիզնես-շահերի տիրույթում և մեկ այլ բան է, երբ դու ՄՏԱԾՈՒՄ ես՝ մեկնել արդյոք Երևան ու լինել այդ տխրության պահին դարավոր բարեկամ ժողովրդի կողքին:


Եվ սա այն դեպքում, երբ նույն Պեսկովի շուրթերով հստակ հայտարարվում է, որ նույն օրը Թուրքիայում կայանալիք հնարովի միջոցառումներին Ռուսաստանը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: Հույս ունենանք, որ այդ «ամենաբարձր մակարդակ» ասվածը արդյունքում չդառնա Պուտինի մասնակցությունը, իսկ Երևան ժամանի, ասենք, հայազգի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդամենը:


Կարելի է մի բան արձանագրել. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և ոգեկոչման արարողությունները ինդիկատոր են հասկանալու, թե ո՞վ է հայ ժողովրդի իրական բարեկամը, ով դաշնակից, իսկ ով ուղղակի սեփական բիզնես-շահերը մշտապես վեր դասող պետություն: Քիչ մնաց՝ ընդամենը երկու շաբաթ:

 

 

Խաչատրյան Ժոռա