Երևան-Մեղրի ճանապարհը միջպետական կարևոր ճանապարհ է և արտերկրի հետ կապող միակ ճանապարհը: Այն հարավային դարպասն է, դեպի Արցախ, հանգստի վայրեր, պատմական կարևոր հուշարձաններ տանող ամենակարևոր մայրուղին…
Չնայած վերջին բառը կարելի վերապահումով կամ սարկազմով գրել, քանի որ այն ոչ թե մայրուղի է, այլ քանդուղի…Այն շատ վատ, անմխիթար վիճակում է, իսկ Սիսիանի «Զանգեր» կոչվող վայրից մինչև հիասքանչ, գեղեցիկ, իր նմանը չունեցող Գորիս, գրեթե անտանելի ու սարսափելի բառիս բուն իմաստով…
Դու այդ հատվածով երթևեկելիս պետք է ձեռք քաշես քո ավտոմեքենայից, կյանքից, ունենաս սլալոմիստի, հնարամիտ վարողի, ճանապարհաեզրերով, արտերով վարելու մեծ ունակություն:
Անխոս այդ ճանապարհը, որը զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունի, սակայն այդտեղով անցնողներին զզվեցնում է և′ հայերից, և′ Հայաստանից, և′ հենց իրենից' Հայաստան գալու և այդ ճանապարհով անցնելու համար: Երբ նայում ես այդտեղով անցնող պարսիկ վարորդների վախեցած, սարսափած դեմքերին' խղճում ես նրանց ու հասկանում, որ Հայաստանը զբոսաշրջության համար տանջալից, անհարմար, տհաճ և վատ հիշողություններ արթնացնող երկիր է: Ես օրինակ իմ հյուրերի մոտ գլուխ չեմ գովա Տաթևի վանքի համալիրի, աշխարհի ամենաերկար ճոպանուղու վերաբերյալ ու խորհուրդ չեմ տա գնալ այնտեղ, որովհետև Սիսիանից-Գորիս «ռմբակոծված», ավերված ճանապարհով ես իմ մեքենան այլևս չեմ վարի ու խորհուրդ չեմ տա ոչ մեկին:
Հետո ասում ենք զբոսաշրջիկներ չեն գալիս Հայաստան, այցելությունները քիչ են…Գան ի՞նչ անեն, տառապե՞ն…Ճանապարհներ չկա, սանհանգույցներ չկան, սպասարկում չկա…Հյուրանոցներում, սպասարկման վայրերում, վարորդների կողմից այնպես են «տկլորացվում», որ այդ մարդիկ երկրորդ անգամ խնդրես Հայաստան չեն գա…
Այդ ճանապարհին կից լիքը զվարճանքի, կերուխումի օբյեկտներ, «բարդելներ» կան, երթուղային տաքսիներ են երթևեկում, այդ մարզերը լի են հանքերով, շահութաբեր ձեռնարկություններով, գործարարներով: Դժվա՞ր է, հիմնադրամ, հատուկ ֆոնդ ստեղծել և մշատապես վերանորոգել, կառուցել, վերակառուցել և տանելի վիճակում պահել այդ մայրուղին: Գուցե ժամանա՞կն է քիչ լափել, քիչ ատկատներ անել և վերջապես կոնկրետ գործով զբաղվել…Այդ գործի համար պատասխանատուների տները, «դաչաներն» ու օբյեկտները հավանաբար այդ ռմբակոծված ճանապարհների «վերանորոգման» փողերով են կառուցվել…
Հիմա էլ առաջարկեցի հիմնադրամ ստեղծել, սակայն մտածում եմ հիմնադրամ ստեղծելու դեպքում կսկսեն հիմնադրամը լափել, կամ Մեղրի տանող այն մյուս «այլընտրանքային», անտրամաբանական, անօգուտ, չօգտագործվող ճանապարհների նման, դեպի Բուրատինոյի «Հիմարների երկիր» տանող ճանապարհներից կառուցել…
Զբոսաշրջության սեզոնը բացվում է, հապաղել չի կարելի, մի օրն էլ նշանակություն ունի…
Ռոբերտ Մելքոնյան