Արամ Մանուկյան՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-ղեկավարը... Արամ Մանուկյանը բացառիկ դեր է խաղացել մեր նորագույն պատմության մեջ՝ փաստացի հանդիսանալով Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր-ղեկավարը: Սակայն Արամի փողոցի 9 հասցեում գտնվող տունը, որտեղ նա ապրել է Երևանում վերջին տարիներին, 1917-ից մինչև 1919-ի հունվարը, տասնյակ տարիներ գտնվում է անմխիթար ու կիսաքանդ վիճակում, որը հարիր չէ արդեն 25 տարի իր անկախ պետականությունը վերականգնած երկրի համար:

 

Օրեր առաջ Արամ Մանուկյանի տան վերաբերյալ ահազանգել են նաև «Գրադարան» նախաձեռնության անդամները, տեղեկացնելով հասարակությանը, որ տարիներ շարունակ վթարային համարվող և պատկան մարմինների կողմից անտարբերության մատնված շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկը քանդված են, իսկ ներսը հանրության կողմից օգտագործվում է որպես զուգարան և աղբանոց: Նախաձեռնության անդամները նշեցին, որ, ճիշտ է, շենքը գտնվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում, բայց այդ նախագծով պահպանվելու է բացառիկ պատմական արժեք ներկայացնող տան միայն ճակատը, և անգամ տեղեկություններ կան, որ շենքի տակ կառուցվելու է ստորգետնյա ավտոկայանատեղի: «Գրադարան» նախաձեռնության անդամները գտնում են, որ դա անընդունելի է, քանի որ պետք է արժևորենք ու հարգենք մեր անցյալը, որպեսզի կարողանանք ի վերջո կառուցել ներկան: Իսկ թե ինչպես ենք մենք հարգում մեր անցյալը՝ ցավոք, երևում է Արամի տան պատկերից, և իրոք ամոթալի է զբոսաշրջիկներին ներկայացնել երկրի հիմնադրի տունը այդպիսի վիճակում:

 

Հիշենք նաև, որ Արամ Մանուկյանի անունը արգելված և բացարձակ մոռացության էր մատնված Սովետական Հայաստանում: Ինչպես ցույց տվեցին «ռազմավարական դաշնակցի» վերջին ջղաձգումները, կապված Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ, կարծում եմ, հիմա մենք իսկապես պահանջ ունենք մեր անկախությունը կերտած գործիչների արձանների: Այդ առումով Արամ Մանուկյանի կիսանդրին, որպես Հայաստանի առաջին ներքին գործերի նախարարի՝ տեղադրված նույն նախարարության շենքի դիմաց, շատ քիչ է՝ հայկական անկախ պետականության առաջին ղեկավարի հիշատակը հավերժացնելու համար:

 

Ռուբեն Շուխյան