Տպավորություն է ստեղծվում, թե մերձավորարևելյան տարածաշրջանում շիայական շղթայի տարբեր օղակների գործողությունները ղեկավարվում են Թեհրանից:


Եմենում Իրանի հովանավորությունը վայելող շիայադավան հութիները և նրանց աջակցող, նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակից բանակային ստորաբաժանումները, չնայած իրենց դեմ հանդես եկող սուննիական շուրջ 1 տասնյակ պետությունների ձևավորած ռազմական կոալիցիայի կողմից պարբերաբար հասցվող օդային հարվածներին, լրջագույն հաջողություններ են գրանցում՝ իրենց վերահսկողությունը հաստատելով նաև երկրի հարավի խոշորագույն քաղաքի՝ Ադենի մի զգալի հատվածի վրա:


Իրաքում կառավարական ուժերը, նրանց հարող շիայական զինված խմբավորումները գրեթե ամբողջությամբ ազատագրել են ռազմավարական կարևորություն ունեցող Թիքրիթ քաղաքն «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալներից:


Սիրիայում կառավարական ուժերը և լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության մարտիկների հետ համատեղ էական հաջողություններ են գրանցում Լիբանանին սահմանակից ալ-Քալամուն լեռնային շրջանում և հարավ-արևմտյան ալ-Զաբադանի քաղաքում. հիմնականում այս ճանապարհով են Լիբանանի տարածքից համալրվում սիրիական հակակառավարական խմբավորումները:


Միևնույն ժամանակ, Լոզանում շարունակվում են Իրանի «միջուկային հիմնախնդրի» հանգուցալուծմանը միտված ծանր բանակցությունները Իսլամական Հանրապետության և միջազգային «5+1» խմբի միջև, որոնց համար նախանշված վերջնաժամկետից արդեն իսկ անցել է 2 օր, ինչը փորձագիտական շրջանակներում գնահատվում է հօգուտ իրանական կողմի: Իրանի պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը թե՛ բանակցությունների ընթացքում և թե՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումներում հանդես է գալիս բավականաչափ ինքնավստահ կեցվածքով՝ խնդրի կարգավորման մեխանիզմների մշակման հարցում ակնկալվող զիջումների հավանականությունը ձգտելով հասցնել նվազագույնի:


Տպավորություն է ստեղծվում, որ մերձավորարևելյան տարածաշրջանում շիայական շղթայի տարբեր օղակների միաժամանակ ակտիվացումը և, դրանով պայմանվորված, իրար հաջորդող հաջողությունները փոխկապակցված են և ղեկավարվում են մեկ ընդհանուր կենտոնից՝ Թեհրանից: Իսկ դրանց նպատակը Լոզանում՝ քաղաքական հարթակում, Արևմուտքից առավելագույն զիջումների կորզումն է:

 

 

Արմեն Պետրոսյան