Հեթումյան հարստության հիմնադիր Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) թոռան' Հեթում Բ-ի (1289-1307 թթ.) գահակալության շրջանում, Կիլիկյան Հայոց թագավորությունն աստիճանաբար սկսեց անկում ապրել: Պետության թուլացման ներքին պատճառների թվում հիմնականը լատինասերների քայքայիչ գործունեությունն էր եւ իշխանության համար անզիջում պայքարը Լեւոն Հեթումյանի յոթ որդիների միջեւ:
Դեռ գահին չբազմած Հեթումն ընդունով կաթոլիկ դավանանքը' դարձել էր ֆրանցիսկյան միաբանության անդամ, գլխավորում էր լատինասերների հոսանքը երկրում եւ պահանջում էր, որ հայերն ընդունեն կաթոլիկություն: 1289-ին հռչակվելով հայոց թագավոր՝ Հեթում Բ-ն երկիրը փաստացի կառավարեց 18 տարի: Նա վեց անգամ հրաժարվելով գահից' մտավ վանք եւ նույնքան անգամ էլ վերադարձավ արքունիք:
Լինելով հոգեւոր միաբանության անդամ՝ նա չէր հրաժարվում սրից ու վանականի գավազանից: Շատ անկայուն անձնավորություն էր, մեկ ծայրահեղությունից մյուսն էր ընկնում, ձգտում էր բարեպաշտի ու կրքոտ հայրենասերի համբավ ձեռք բերել եւ կարծում էր, որ հայոց պետությունն առանց Հռոմի պապի աջակցության չի կարող երկար չի կարող երկար գոյատեւել:
Մի անգամ էլ, երբ սովորության համաձայն նա թողել էր գահը եւ ապաստանել վանքում, թագավոր ընտրվեց եղբայրը՝ Սմբատը (1296-1299 թթ.): Հեթում Բ-ն եղբոր' Թորոսի հետ, շուտով պայքար սկսեց Սմբատի դեմ: Վերջինիս հաջողվեց ձերբակալել եղբայրներին. Թորոսին դատապարտեց մահապատժի, իսկ Հեթումին՝ կուրացրեց: Այնուհետեւ Սմբատի դեմ հանդես եկավ մյուս եղբայրը՝ Կապան ամրոցի տեր Կոստանդինը: Սմբատը պարտվեց եւ բանտարկվեց: Կոստանդինն ստանալով Հեթումի համաձայնությունը՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի կառավարումը, սակայն, 1299 թ., Հեթում Բ-ն լատինասերների աջակցությամբ կրկին գահ բարձրացավ: Վախենալով նոր խռովությունից՝ Հեթումը Սմբատին ու Կոստանդինին արտաքսեց երկրից: 1301 թ. նա Սմբատի կողմից սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդի Լեւոնին հռչակեց թագավոր, սակայն ստանձնեց նրա խնամակալությունը եւ փաստացի շարունակեց միանձնյա կառավարել երկիրը:
1307 թ. Հեթումն ու Լեւոնը Սիս մայրաքաղաքում հրավիրեցին եկեղեցական ժողով եւ պահանջեցին անհապաղ որոշում ընդունել կաթոլիկ եկեղեցու հետ միավորման մասին: Այս ճանապարհով Հեթումն աշխատում էր ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների: Արտաքին սպառնալիքն ավելի ընդգծվեց: Նույն թվի աշնանը Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորամասի հրամանատար Փիլարղուն, որն իսլամ էր ընդունել, հյուրասիրության պատրվակով Անավարզա հրավիրեց Լեւոն արքային, նրա խնամակալ Հեթումին, քառասուն նշանավոր հայ իշխանների եւ բոլորին ոչնչացրեց:
Հեթում Բ-ի եղբայրը' Օշինը (1308-1320 թթ.), թեեւ լուծեց հարազատների վրեժը եւ մոնղոլներին դուրս քշեց երկրից, սակայն շարունակելով եղբոր որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ էլ ավելի խորացրեց երկրի պառակտումը: Շարունակվեց նամակ-խնդրագրերի ուղարկումը Հռոմի պապին ու եւրոպական երկրների տիրակալներին: 1317-ին Ադանայում եկեղեցական նոր ժողով հրավիրվեց։ Պայքարը ունիթորների (եկեղեցիների միության կողմնակիցներ) եւ հակաունիթորների միջեւ վերաճեց զինված բախումների: Լեռնացավ Եգիպտոսի սուլթանության ու հարեւան մահմեդական տիրակալների թշնամանքը Կիլիկիայի նկատմամբ: Մոտենում էր հայոց վերջին թագավորության մայրամուտը։
Հայե՛ր, գիտե՞ք, որ