Հեթումյան հարստության հիմնադիր Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) թոռան' Հեթում Բ-ի (1289-1306 թթ.) գահակալության շրջանում, Կիլիկյան Հայոց թագավորությունն աստիճանաբար սկսեց անկում ապրել: Պետության թուլացման ներքին պատճառների թվում հիմնականը լատինասերների քայքայիչ գործունեությունն էր եւ իշխանության համար անզիջում պայքարը Լեւոն Հեթումյանի յոթ որդիների միջեւ: Դեռ գահին չբազմած Հեթումն ընդունով կաթոլիկ դավանանքը' դարձել էր ֆրանցիսկյան միաբանության անդամ, գլխավորում էր լատինասերների հոսանքը երկրում եւ պահանջում էր, որ հայերն ընդունեն կաթոլիկություն: Հեթում Բ-ն երկիրը փաստացի կառավարեց 18 տարի: Նա վեց անգամ հրաժարվեց գահից' մտավ վանք, բայց նույնքան անգամ էլ վերադառնալով արքունիք' բազմեց գահին: Լինելով հոգեւոր միաբանության անդամ՝ նա չէր հրաժարվում սրից ու վանականի գավազանից: Շատ անկայուն անձնավորություն էր, մեկ ծայրահեղությունից մյուսն էր ընկնում, ձգտում էր բարեպաշտի ու կրքոտ հայրենասերի համբավ ձեռք բերել եւ կարծում էր, որ հայոց պետությունն առանց Հռոմի պապի աջակցության չի կարող գոյություն ունենալ:


Մի անգամ էլ, երբ սովորության համաձայն նա թողել էր գահը եւ ապաստանել վանքում, թագավոր ընտրվեց եղբայրը՝ Սմբատը (1296-1299 թթ.): Հեթում Բ-ն եղբոր' Թորոսի հետ, պայքար սկսեց Սմբատի դեմ: Վերջինիս հաջողվեց ձերբակալել եղբայրներին. Թորոսին դատապարտեց մահապատժի, իսկ Հեթումին՝ կուրացրեց: Այնուհետեւ Սմբատի դեմ հանդես եկավ մյուս եղբայրը՝ Կապան ամրոցի տեր Կոստանդինը: Սմբատը պարտվեց եւ բանտարկվեց: Կոստանդինը ստանալով Հեթումի համաձայնությունը՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի կառավարումը, սակայն, 1299 թ., Հեթում Բ-ն լատինասերների աջակցությամբ կրկին գահ բարձրացավ: Վախենալով նոր խռովությունից՝ Հեթումը Սմբատին ու Կոստանդինին արտաքսեց երկրից: Թեեւ 1301 թ. նա Սմբատի կողմից սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդի Լեւոնին հռչակեց թագավոր, սակայն ստանձնեց նրա խնամակալությունը եւ փաստացի շարունակեց միանձնյա կառավարել երկիրը: 1307 թ. Սիս մայրաքաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով, ուր պահանջեց անհապաղ որոշում ընդունել կաթոլիկ եկեղեցու հետ միավորման մասին: Այս ճանապարհով նա աշխատում էր ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների: Արտաքին սպառնալիքն ավելի ընդգծվեց: Նույն թվի աշնանը Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորամասի հրամանատար Փիլարղուն, որն իսլամ էր ընդունել, հյուրասիրության պատրվակով Անավարզա հրավիրեց Լեւոն արքային,նրա խնամակալ Հեթումին, քառասուն հայ նշանավոր իշխանների եւ բոլորին ոչնչացրեց:


Հեթում Բ-ի եղբայրը' Օշինը (1308-1320 թթ.), թեեւ լուծեց հարազատների վրեժը եւ մոնղոլներին դուրս քշեց երկրից, սակայն շարունակելով եղբոր որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ էլ ավելի խորացրեց երկրի պառակտումը: Շարունակվեց նամակ-խնդրագրերի ուղարկումը Հռոմի պապին ու եւրոպական երկրների տիրակալներին: Պայքարը ունիթորների (եկեղեցիների միության կողմնակիցներ) եւ հակաունիթորների միջեւ վերաճեց զինված բախումների: Լեռնացավ Եգիպտոսի սուլթանության ու հարեւան մահմեդական տիրակալների թշնամանքը Կիլիկիայի նկատմամբ: Մոտենում էր հայոց վերջին թագավորության մայրամուտը...