Հեթում Բ-ի գահակալության շրջանում Կիլիկյան Հայոց թագավորությունն աստիճանաբար սկսեց անկում ապրել: Պետության թուլացման ներքին պատճառների թվում հիմնականը լատինասերների քայքայիչ գործունեությունն էր եւ անզիջում պայքարը Լեւոն Հեթումյանի որդիների միջեւ /նրանք յոթն էին/: Գահաժառանգ Հեթումը, որը դեռ հոր կենդանության ժամանակ ընդունել էր կաթոլիկ դավանանքը եւ դարձել ֆրանցիսկյան միաբանության անդամ, գլխավորում էր լատինասերների հոսանքը երկրում եւ պահանջում, որ հայերն ընդունեն կաթոլիկություն:
Հեթում Բ-ն երկիրը փաստացի կառավարեց 18 տարի շարունակ: Նա վեց անգամ հրաժարվեց գահից, մտավ վանք եւ դարձյալ վերադարձավ արքունիք: Լինելով հոգեւոր միաբանության անդամ՝ նա չէր հրաժարվում սրից եւ վանականի գավազանից: Շատ անկայուն անձնավորություն էր, մեկ ծայրահեղությունից մյուսն էր ընկնում, ձգտում էր բարեպաշտի ու կրքոտ հայրենասերի համբավ ձեռք բերել եւ կարծում էր, որ հայոց պետությունն առանց Հռոմի պապի աջակցության չի կարող գոյություն ունենալ:
Երբ արքան գտնվում էր վանքում, թագավոր ընտրվեց եղբայրը՝ Սմբատը /1296-1299 թթ./: Հեթում Բ-ն եւ նրա եղբայր Թորոսը պայքար սկսեցին Սմբատի դեմ: Վերջինիս հաջողվեց ձերբակալել եղբայրներին. Թորոսին դատապարտեց մահապատժի, իսկ Հեթումին՝ կուրացրեց: Այնուհետեւ Սմբատի դեմ հանդես եկավ նրա մյուս եղբայրը՝ Կապան ամրոցի տեր Կոստանդինը: Սմբատը պարտվեց եւ բանտարկվեց: Կոստանդինը ստանալով Հեթումի համաձայնությունը՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի կառավարումը, սակայն 1299 թ. Հեթում Բ-ն լատինասերների աջակցությամբ կրկին գահ բարձրացավ: Վախենալով նոր խռովությունից՝ Հեթումը Սմբատին եւ Կոստանդինին արտաքսեց երկրից: 1301 թ. նա Սմբատի կողմից սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդուն՝ Լեւոնին հռչակեց թագավոր, ստանձնեց նրա խնամակալությունը եւ շարունակեց միանձնյա կառավարել երկիրը: 1307 թ. Սիս մայրաքաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով, ուր պահանջեց անհապաղ որոշում ընդունել եկեղեցիների միավորման մասին: Այս ճանապարհով նա աշխատում էր ստեղծել քրիստոնեական երկրների դաշինք ընդդեմ մահմեդականների: Արտաքին սպառնալիքն ավելի ընդգծվեց: Նույն թվի աշնանը Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորամասի հրամանատար Փիլարղուն, որն իսլամ էր ընդունել, հյուրասիրության նպատակով Անավարզա հրավիրեց Լեւոն արքային, խնամակալ Հեթումին, քառասուն նշանավոր հայ իշխանների ու սպանել տվեց նրանց:
Հեթումի եղբայր Օշինը /1308-1320 թթ./ թեեւ լուծեց հարազատների վրեժը եւ մոնղոլներին դուրս քշեց երկրից, սակայն շարունակելով եղբոր որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ էլ ավելի խորացրեց երկրի պառակտումը: Շարունակվեց նամակ-խնդրագրերի ուղարկումը Հռոմի պապին եւ եւրոպական երկրների տիրակալներին: Պայքարը ունիթորների եւ հակաունիթորների միջեւ վերաճեց զինված բախումների: Լեռնացավ Եգիպտոսի սուլթանության թշնամանքը Կիլիկիայի նկատմամբ: Մոտենում էր հայոց վերջին թագավորության մայրամուտը...

Նկարում՝ Հռոմկլա բերդաքաղաքը /1151-1292 թթ՝ կաթողիկոսանիստ/