Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն: Հրանտ Մաթևոսյանը գիտեր, ինչ էր ասում... այո', ու այդպես էլ մարդիկ բարոյական հաղթանակներ տանելու սովորություն չունեցան, որովհետև սևերին վարժեցրել են գռփելու, սպանելու եղանակները, իսկ սպիակներին՝ վտարել լուսանցքներից այն կողմ... Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում: Ինքը' ՀԱՅ Ազգը պիտի ազատի Հայաստանը օտարների ձեռքից: Այն արտոնությունները, որ օտար պետությունները շնորհում են հայերին, նման են թակարդի մեջ դրած այն համով կերին, որով երեխաները բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտոնություններով ամայացավ Հայաստանն իր բնիկ ժողովրդից ու պարզամիտ հայերը, հասան այսօրվա ցավալի թշվառ վիճակին: Ես հավատում եմ, որ ողջ է մնալու Հայաստանը, մնում է քաջություն ունենալ՝ ապրել և այն, որ մարդ ես ծնվել, մնաս՝ Մարդ… թեև մարդը ծնվեց, բայց մարդու պակասից՝ մարդահոտն էլ կորավ… Մարդու պակաս եմ զգում… մարդկությունը գրեթե մնացել է նախկինում ապրող կենդանի շունչ, իսկ ներկան՝ վերածվել, մնացել է սեռը չճանաչող կենդանու հույսին…


Վերջում կհասնի Չարենցն ու ամեն բան իր տեղ կդնի. Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն Արևանման, արնավառ խոսքի,— Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար — Խոսքեր չկային ու արև չկար...

 

 

Արթուր Հայրապետյան