Քուվեյթում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին: Վերջինս նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար:


Ըստ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանի, հիմնադրամը Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:


Հովիկ Աբրահամյանը ողջունել է հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն:

 

 

Կարինե Առաքելյան