«Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի
Համընդհանուր վեհաժողով
24-ը սեպտեմբերի, 1917 թ.

Հայերն այն տարրերից են, որոնք դարեր ի վեր ապրում են կայսրության դրոշի ներքո: Իբրեւ աշխատասեր եւ հանգիստ տարր, նրանք ամբողջությամբ օգտվում էին պետության հոգածությունից, քանի դեռ իրենց չէին թույլատրում տուրք տալ դրսից ներթափանցող անջատողական հովերին... Ռուսները սկսեցին հրահրել հայերին եւ մտերմացան նրանցից մի քանի իդեալիստների հետ, որոնց դիտում էին իբրեւ խռովության եւ խառնակության գործիքների: Երբ ռուսները Սան-Ստեֆանո մտան, հայ պատրիարքը (Ներսես Վարժապետյան) դիմեց մեծ դուքս Նիկոլային եւ հանուն հայկական անկախության նրան մի աղերսագիր ներկայացրեց... Այնուհետեւ «կոմիտեականները», իբրեւ խռովության խորհրդանշան որդեգրեցին Բեռլինի 61-րդ հոդվածը եւ այդ դրոշը ծածանեցին ներքին նահանգներում բնակչությանը խաբելու, իսկ դրսում՝ իրենց վրա համընդհանուր ուշադրություն հրավիրելու համար: Ժամանակ առ ժամանակ իրենց իրականացրած խռովություններով նրանք ոչ միայն բազմապատկեցին կառավարության կրած դժվարությունները, այլեւ իրենց սեփական ժողովրդին մղեցին մեկ արհավիրքից մյուսը:


Բռնակալության օրոք, մենք՝ օսմանյան հայրենասերներս, սահմանադրության համար մեր մղած պայքարի ընթացքում հայերին դիտել ենք իբրեւ մեր ամենաանկեղծ ընկերակիցների, որոնք, ազատության պայքարի քողի ներքո, հետապնդում էին միայն իրենց համար հոգեհարազատ նպատակներ: Սատարելով նրանց, մենք նրանց համար ապահովել ենք քաղաքական իրավունքներից օգտվելու լիակատար արտոնություններ:... Չենք զլացել նրանց տեղեր հատկացնել Սենատում, Պալատում, Պետական խորհրդում, ինչպես նաեւ կառավարության ամենակարեւոր Դեպարտամենտներում: ... Նրանք կրկին անձնատուր եղան իրենց պատրանքներին եւ նրանց ուղարկած առաքելությունները շրջեցին ամբողջ Եւրոպայում՝ հետամուտ լինելու անջատողական անիրագործելի հավակնություններին: Այնժամ, երբ Հայկական հարցը գտնվում էր այսպիսի վիճակում, բռնկվեց համընդհանուր պատերազմը: ... Հայերը, որոնց հանդգնությունը ոչ-ոք չէր կարծում, թե այս պատերազմի ընթացքում կարող էր ընդունակ լինել հասնելու մինչեւ հայրենիքի դեմ ուղղված դավաճանական արարքների, ինչպես եւ մեր մյուս հայրենակիցները զինծառայության ընդունվեցին բանակի հրամանատարական կազմում եւ նրանց զենք բաժանվեց: ...


Հենց որ ռուսներին հաջողվեց անցնել մեր սահմանը եւ գրավել մեր որոշ բնակավայրեր, անդորրից անցան հեղափոխության, հավատարմությունից՝ խռովության: Պատերազմի երրորդ ամսին, Վանի պատգամավոր Վռամյանն այդ վիլայեթի վալիին (Ջեւդեթ) մի հուշագիր ներկայացրեց, որտեղ շարադրված էին հայկական պահանջները... Հուշագիրը ներկայացնելուն հաջորդել է թուրքական բանակում ընդգրկված հայ զինվորների դասալքությունը, որոնք զենքերով հանդերձ հեռացել են լեռները եւ գրոհել ժանդարմների ու մահմեդական բնակչության դեմ: Այս առիթով Կ. Պոլսի հայոց պատրիարքին եւ հայ մեբուսիներին ներկայացրել ենք իրադրության բարդությունը, խորհուրդ տալով ձեռնարկել նախազգուշական միջոցառումներ: Միայն Վանի ապստամբությունից հետո էր՝ բանակի առջեւում եւ Զեյթունի ապստամբությունից հետո՝ թիկունքում, որ ամենուր խուզարկություններ սկսվեցին...


Հայտնաբերվեցին զենքեր, ռումբեր, պայթուցիկ նյութեր: Երբ ակնհայտ դարձավ, որ բանակի թեւերն ու թիկունքն այսպիսի սպառնալիքի տակ են գտնվում, հանուն զորքերի փրկության դիմեցի տեղահանության... Չի կարելի պնդել, որ այս տեղահանությունը կանոնավոր ձեւով է կատարվել, որովհետեւ ժանդարմների մեծ մասն ընդգրկված էր բանակում եւ չէր կարող ապահովել այն կարգն ու կանոնը, որը ցանկալի էր: ... Յուրաքանչյուր կառավարություն իրավունք ունի պաշտպանվելու նրանցից, ովքեր ապստամբում են զենքը ձեռքին: Այդ իրավունքը գոյություն ունի ոչ միայն մեզանում, այլեւ Անգլիայում եւ Ֆրանսիայում: Անգլիացիները, որոնք իռլանդացիների դեմ կիրառել են ցանկացած բնույթի դաժանություններ, նույնիսկ առանց մտահոգվելու երեխաների ու կանանց կյանքի մասին, արդյո՞ք նրանց չէին տեղահանի պատերազմական գոտուց դուրս, եթե այնտեղ հեղափոխություն բռնկվեր, որը ծավալվեր մինչեւ գերմանացիների դեմ մարտնչող իրենց բանակի թեւերն ու թիկունքը...

ՀԳ - Ոճրագործի ելույթն ամբողջությամբ տպագրվել է թրքական «Իքդամ» թերթում (25-ը սեպտեմբերի, 1917 թ.)




Հայե՛ր, գիտե՞ք, որ