Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում ե՛ւ բարեկամները, ե՛ւ թշնամիները։ Ու Զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք։ Այս մեկն էլ պահպանված է ակադեմիկոս Ծատուր Աղայանի հուշերում. նա 1958թ. Անկարայում հանդիպել է մեր պատմության հերոսի հետ ու հետագայում գրի առել նրա պատմածը:
1934թ. օգոստոսն էր։ Այդ օրերին Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ։ Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը՝ բուլղարահայ գիտնական ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԸ։ 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր։ Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել։ Մարթայանը ծառայություն էր մատուցել թուրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում։ Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է ԴԻԼԱՉԱՐ (լեզվի բանալի)։
Հայտնի է, որ Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով էր ընդունվել Թուրքիայում։ Բայց շատերը գիտեին, որ Քեմալը բարձր է գնահատում Զորավարին։ Դրա մասին են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն։ Գիտեր նաեւ Դիլաչարը։
ՕԳՈՍՏՈՍԻ 31… Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի… Հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»։ Մեղմ ժպիտը դեմքին Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն… Հատկապես գերմանացու երգն իր մարտական թափով դուր եկավ նրան։ Ու հանկարծ Քեմալը շրջվեց դեպի իր քարտուղար Մարթայանը.
-Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»։ Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի` քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինոնյուի ինքնագոհ դեմքը…
Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը… ու լսվում է ինքնաբուխ երգը.
Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լերինք քեզ ապաստան, ԱՆԴՐԱՆԻԿ։
Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին։ Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի։ Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինոնյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար, չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում հնչեցնելը մահացու հանցանք էր)։ Ինոնյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով հանգստացնում Ինոնյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա։ Իսկ երգը շարունակվում էր.
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, ԱՆԴՐԱՆԻԿ…
Երգն ավարտվեց։ Տիրեց քար լռություն։ Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատու ձայնը.
-Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր։ Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան։ Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայում չկա, ապագայում չի սպասվում։ Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերոսներին… Բայց այս անգամ նրանք պարտվեցին, եւ մենք հաղթեցինք։ Դիլաչար էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը… Բայց սա վերջինը լինի…
-Դուք` հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,- 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը, դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան՝ հայազգի Սապիհա հանըմին, կասի,- դու չպիտի ազատվես այդ հիվանդությունից…
Անդրանիկի մահվանից 30 տարի անց Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած հայ գիտնականին՝ ավելացնելով.
-Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…
Երեւի հայրենաբաղձություն կոչվող հայկական այդ սքանչելի «հիվանդությունն» է պատճառը, որ օտարության մեջ գտնվող Հայը վճռական պահին Հայրենիքի համար անում է անհրաժեշտը՝ առանց հետեւանքների մասին մտածելու…
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Հայե՛ր, գիտե՞ք, որ