Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876թ.՝ Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում, ռուսական բանակի գնդապետ Գերասիմ Արարատյանի ընտանիքում: Նրանք ունեցել են ընտանեկան զինանշան, որի վրա գրված է եղել «ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԱՏԻՎ»։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի կադետական դպրոցում, ապա ուսումը շարունակել Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանում: Այստեղ էլ, ավարտական արարողության ժամանակ, ցար Ալեքսանդր Գ-ն նրան շնորհել է ոսկյա թուր։ Առաջին աշխարհամարտի տարիներին Արարատյանը մասնակցել է բազում ռազմական գործողությունների, արժանացել մարտական ութ շքանշանների, հասել գնդապետի աստիճանի:
1917թ. բոլշևիկյան հեղաշրջումից հետո նա վերադառնում է Հայաստան: Համհարզին՝ Ա․ Ղորղանյանին ասում է․ «Ծառայեցինք սպիտակ արքային, ժամանակն է նաեւ մեր՝ Հայոց թագավորն ունենալ։ Արարատը սպասում է Արարատովին»։ Թիֆլիսում հանդիպելով Թ․ Նազարբեկյանին՝ համաձայնում է ստանձնել հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարությունը: Սարդարապատի ճակատամարտի օրերին Արարատյանն ապացուցեց, որ հայ հրետանավորները ոչինչով չեն զիջում թուրքական բանակում կռվող գերմանացիներին: Ճակատամարտի հրետանային աջակցության պլանը հաստատելով` գեներալ Սիլիկյանը հարցնում է գնդապետին.
– Ի՞նչ եք կարծում, կշահե՞նք ճակատամարտը:
Արարատյանը պատասխանում է.
– Ճակատամարտը շահում է նա, ով բավականաչափ կամք է դրսևորում դիմանալու այն պահին, երբ ամեն ինչ կորած է թվում։
1919թ. մարտին, երբ կազմվում է Խատիսյանի կառավարությունը, Արարատյանն ստանում է գեներալի կոչում եւ նշանակվում ռազմական նախարար: Կարսի անկումից հետո, մի շարք պետական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ գերվում է նաեւ Արարատյանը: Քյազիմ Կարաբեքիրը քանիցս նրան առաջարկում է մնալ Թուրքիայում եւ հրետանավորներ պատրաստել թուրքական ակադեմիայում, բայց ամեն անգամ կտրուկ մերժում է ստանում: Շուտով Արարատյանն ու Դանիել Բեկ-Փիրումյանը թուրքական գերությունից ազատվում են։ 1921թ. հոկտեմբերին գեներալն արդեն Երևանում էր: Նրան ընդունում է Մյասնիկյանը և առաջարկում ստանձնել Հայաստանի հրետանային բրիգադի հրամանատարությունը:
Արարատյանը ընկերասեր եւ հոգով մարդ էր: Երբ իմանում է Մովսես Սիլիկյանի ձերբակալության մասին՝ հարազատներից գաղտնի վերցնում է ուսապարկն ու գնում ՆԳ ժողկոմ Խաչիկ Մուղդուսու մոտ: Վերջինս իմանալով գեներալի կամավոր ներկայանալու մասին` հերթապահի միջոցով կարգադրում է. «Ասացե՛ք, որ ընդունել չեմ կարող: Մեզ մոտ կամավոր չեն գալիս: Թե երբ և ում ենք վերցնում, ինքնե՛րս ենք որոշում»:
Շուտով ձերբակալում են նաեւ Արարատյանին եւ 1937թ. դեկտեմբերի 10-ին գնդակահարում:
Հայե՛ր, գիտե՞ք, որ