Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո հայոց պետականությունը անկայուն վիճակում էր եւ հայոց գահին հայտնվում էին օտար դրածոներ: Դրանցից էր Միհրդատ Իբերացին, որը վրաց Փարսման Ա թագավորի եղբայրն էր եւ հայոց գահին կարգվել էր Հռոմի կողմից: Փարսման Ա-ի որդին` Հռադամիզդը, վրաց գահի նկատմամբ հավակնություններ է դրսեւորում դեռ հոր կենդանության օրոք եւ վերջինս, սպասվող վտանգը իրենից հեռացնելով, որդուն ուղղորդում է դեպի հայկական գահը:

 



Հռադամիզդը 51 թ․ զորքով գալիս է Հայաստան եւ իր հորեղբայր Միհրդատին պաշարում է Գառնի ամրոցում, որն ուներ նաեւ հռոմեական կայազոր (հրամանատարներն էին պրեֆեկտ Պոլիոնը եւ ցենտուրիոն Կասպերիոսը): Վրաց արքայորդին կաշառում է հռոմեացի պրեֆեկտին, որը դրանից հետո Միհրդատին եւ Կասպերիոսին փորձում է համոզել` ամրոցը հանձնել Հռադամիզդին: Կասպերիոսը կտրականապես դեմ է արտահայտվում նման հեռանկարին եւ շտապում է Ասորիք` հռոմեական կառավարիչ Ումիդիոս Քվադրատոսին զեկուցելու ստեղծված վիճակի մասին: Այս ընթացքում, սակայն, պրեֆեկտ Պոլիոնի միջնորդությամբ բանակցություններ են սկսվում պաշարված Միհրդատի ու Հռադամիզդի միջեւ: Պոլիոնը Միհրդատին համոզում է հադիպել Հռադամիզդին, որը հորեղբորն ընդունում է կեղծ գրկախառնությամբ։ Նա երդված է լինում` ոչ սրով, ոչ թույնով բռնություն չգործադրել Միհրդատի նկատմամբ: Վրաց արքայորդին հորեղբորը սպանում է «առանց երդմնազանց լինելու». նրան գետնին է տապալում եւ ծածկում բազմաթիվ ծանր գորգերով: Հռադամիստի քույրը, որը Միհրդատի կինն էր, եւ նրա զավակները նույնպես խեղդամահ են արվում՝ թաղվելով նորանոր գորգերի տակ:

 


Ցենտուրիոն Կասպերիոսը այս մասին տեղեկանում է Ասորիքի ճանապարհին եւ Անտիոք հասնելուն պես զեկուցում Քվադրատոսին. «Միհրդատը դավաճանորեն սպանված է, թագավորությունը գրավել են մարդասպանները. չէի՞ք հրամայի վրեժ առնել»,- հարցնում է նա, ինչին Քվադրատոսը աներեւակայելի պատասխան է տալիս. «Բոլոր արտաքին հանցագործությունները պետք է ուրախությամբ ընդունվեն, նույնիսկ ատելության սերմեր է պետք ցանել։ Թող իշխի Հռադամիզդը հանցանքով ձեռք բերվածին, միայն թե` լինի ատելի ու փառազուրկ․․․»: Այս դեպքերի մասին պատմող Տակիտոսը ամփոփում է. «Այդ կարծիքը հավանություն ստացավ»: Կապադովկիայի հռոմեական կուսակալը 51 թ․ Արտաշատում Հռադամիզդին թագադրում է Հայոց թագավոր` սրա համար նախապես խոշոր կաշառք ստանալով: Այս քաղաքականությունն  էլ ավելի է խորացնում հայ ժողովրդի ատելությունը Հռադամիզդի ու Հռոմի նկատմամբ:

 



52 թ․ պարթեւ արքա Վաղարշ Ա-ն եղբոր՝ Տրդատի հետ, զորքով մտնում են Հայաստան։ Հայերը նրանց ցնծությամբ են դիմավորում եւ բացում Արտաշատի ու Տիգրանակերտի դարպասները: Հռադամիզդը մազապուրծ փախչում է, սակայն մեկ տարի անց նորից ներխուժում է Հայաստան ու վերականգնում իր իշխանությունը: 54 թ․ հայերն ապստամբում են իրենց ատելի Հռադամիստի դեմ եւ զինված հարձակում ձեռնարկում պալատի վրա: Վերջին հրաշքով խուսափում է մահվանից եւ փախչում Իբերիա, ճանապարհին դաշունահարելով հղի կնոջը՝ Զենոբիային (Միհրդատի դստերը), եւ նետում նրան Արաքսի մեջ, քանի որ վերջինս չէր դիմանում շարունակական արշավընթացին, իսկ ամուսինը վախենում էր, թե ուրիշ մեկը նրան կտիրանա․․․ Հայ հովիվները, շնորհիվ ծփանքի հանդարտության, գետի ջրերում տեսնում են թագուհու մարմինը, հանում, վերքերը կապում եւ գործադրում գյուղական դեղամիջոցներ։ Զենոբիան տեղափոխվում ու միառժամանակ ապրում է Արտաշատում՝ Տրդատի արքունիքում, որտեղ էլ արու զավակ է ունենում, որը հետագայում թագավորում է Իբերիայում՝ Փարսման Բ (100-114 թթ․) անունով։ Ինքը՝ Հռադամիստը, Վիրքում ապստամբում է հոր դեմ, պարտվում եւ դաժանաբար սպանվում։

 



Այս իրադարձություններին հաջորդեց Արեւելքում 10-ամյա պատերազմը Հռոմի եւ հայ-պարթեւական դաշնակից ուժերի միջեւ։ Դրա արդյունքում Հռոմն ստիպված էր ճանաչել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում եւ թագադրել Հայաստանում այդ հարստության հիմնադիր Տրդատ Ա-ին (66-88 թթ․)։

 

Պուբլիոս (Գայոս) Կոռնելիոս Տակիտոս
 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ