Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո հայոց պետականությունը անկայուն վիճակում էր եւ հայոց գահին հայտնվում էին օտար դրածոներ: Դրանցից էր Միհրդատ Իբերացին, որը վրաց Փարսման Ա թագավորի եղբայրն էր եւ հայոց գահին կարգվել էր Հռոմի կողմից: Փարսման Ա-ի որդին' Հռադամիզդը, թագավորական հավակնություններ է դրսեւորում դեռ հոր կենդանության օրոք եւ վերջինս սպասվող վտանգը իրենից հեռացնելով՝ որդուն ուղղորդում է դեպի հայկական գահը: Հռադամիզդը 51 թ․ զորքով գալիս եւ իր հորեղբայր Միհրդատին պաշարում է Գառնի ամրոցում, որն ուներ նաեւ հռոմեական կայազոր (հրամանատարներն էին պրեֆեկտ Պոլիոնը եւ ցենտուրիոն Կասպերիոսը): Վրաց արքայորդին կաշառում է Պոլիոնին, որը դրանից հետո Միհրդատին եւ Կասպերիոսին փորձում է համոզել' ամրոցը հանձնել Հռադամիզդին: Կասպերիոսը կտրականապես դեմ է արտահայտվում նման հեռանկարին եւ շտապում է Ասորիք' հռոմեական կառավարիչ Ումիդիոս Քվադրատոսին զեկուցելու ստեղծված վիճակի մասին: Այս ընթացքում, սակայն, պրեֆեկտ Պոլիոնի միջնորդությամբ բանակցություններ են սկսվում պաշարված Միհրդատի եւ Հռադամիզդի միջեւ: Պոլիոնը Միհրդատին համոզում է հադիպել Հռադամիզդի հետ, որը Հայոց թագավոր համարվող հորեղբորն ընդունում է գրկախառնությամբ։ Նա երդված է լինում' ոչ սրով, ոչ թույնով բռնություն չգործադրել Միհրդատի նկատմամբ: Հռադամիզդը Միհրդատին սպանում է առանց երդմնազանց լինելու. նրան գետնին է գցում եւ վրան լցնում բազմաթիվ ծանր գորգեր: Հռադամիստի քույրը, որը Միհրդատի կինն էր, եւ նրա զավակները նույնպես խեղդամահ են արվում՝ թաղվելով նորանոր գորգերի տակ: Ցենտուրիոն Կասպերիոսը այս մասին տեղեկանում է Ասորիքի ճանապարհին եւ տեղ հասնելուն պես զեկուցում Քվադրատոսին. «Միհրդատը դավաճանորեն սպանված է, թագավորությունը գրավել են մարդասպանները. չէի՞ք հրամայի վրեժ առնել»,- հարցնում է նա, ինչին Քվադրատոսը աներեւակայելի պատասխան է տալիս. «Բոլոր արտաքին հանցագործությունները պետք է ուրախությամբ ընդունվեն, նույնիսկ ատելության սերմեր է պետք ցանել։ Թող իշխի Հռադամիզդը հանցանքով ձեռք բերվածին, միայն թե' լինի ատելի ու փառազուրկ․․․»: Այս դեպքերի մասին պատմող Տակիտոսը ամփոփում է. «Այդ կարծիքը հավանություն ստացավ․․․»:

 

Կապադովկիայի հռոմեական կուսակալը 51 թ․ Արտաշատում Հռադամիզդին թագադրում եւ հռչակում է Հայոց թագավոր' սրա համար նախապես խոշոր կաշառք ստանալով: Այս քաղաքականությունն էլ ավելի է խորացնում հայ ժողովրդի ատելությունը Հռադամիզդի ու Հռոմի նկատմամբ: Եւ երբ 52 թ․ պարթեւ Վաղարշ Ա թագավորի եղբայր Տրդատը զորքով մտնում է Հայաստան՝ հայերը նրան ցնծությամբ են դիմավորում եւ բացում Արտաշատի ու Տիգրանակերտի դարպասները: Հռադամիզդը մազապուրծ փախչում է, բայց մեկ տարի անց զորքով նորից մտնում է Հայաստան ու վերականգնում իր իշխանությունը: Հայերը, սակայն, 54 թ․ ապստամբում են եւ զինված հարձակում ձեռնարկում Հռադամիզդի պալատի վրա:

 

 

Վերջինս կրկին հրաշքով խուսափում է մահվանից եւ փախչում Իբերիա, ճանապարհին դաշունահարելով հղի կնոջը՝ Զենոբիային (Միհրդատի դստերը), եւ նետում նրան Արաքսի մեջ, քանի որ վերջինս չէր դիմանում շարունակական արշավընթացին, իսկ ամուսինը վախենում էր, թե ուրիշ մեկը նրան կտիրանա․․․ Հայ հովիվները, շնորհիվ ծփանքի հանդարտության, գետի ջրերում տեսնում են թագուհու մարմինը, հանում, վերքերը կապում եւ գործադրում գյուղական դեղամիջոցներ։ Զենոբիան տեղափոխվում ու միառժամանակ ապրում է Արտաշատում՝ Տրդատի Ա-ի արքունիքում, որտեղ էլ արու զավակ է ունենում․ սա հետագայում թագավորում է Իբերիայում՝ Փարսման Բ (100-114 թթ․) անունով։ Ինքը՝ Հռադամիստը, Վիրքում ապստամբում է հոր դեմ, պարտվում եւ դաժանաբար խոշտանգվում։