Օսմանցոց անթիվ-անհամար զորքը Սյունյաց աշխարհը մտավ եւ բոլոր կողմերից շրջապատեց Դավթի երկիրը՝ Ղափանի յոթնաբերդ գավառը: Բնակիչները խուճապի մատնվեցին, զորք ու զինվոր ցրվեցին: Դավիթը երեք հարյուր սպառազեն այրերով ամրացավ Հալիձորի մենաստանում, ուր կառուցել էր անառիկ ամրոցը:
1727 թ. մարտին թշնամին գրոհեց բերդը: Վեց օր միմյանց դեմ կռվում էին. թուրքերի կողմից օրական մինչեւ չորս հարյուր զոհ էր լինում, իսկ հայերից՝ դիրքի անառիկության շնորհիվ, հազիվ մեկ-երկու հոգի:
Յոթերորդ օրը, լուսադեմին, երեք կողմից կատաղի գրոհելով, թուրքերը ծովի ալիքների նման փոթորկվում, գալիս ու ամեն գնով փորձում էին բարձրանալ պարիսպները: Զինվոր ու քահանա, եպիսկոպոս ու ժողովուրդ մի մարդ էին դարձել, աղոթում էին ու կռվում՝ հերոսության հետ նույնիսկ մի կաթիլ վախ չխառնելով: Մխիթար սպարապետն ու Տեր Ավետիսը, երբ տեսան, որ ապրելու հույս չի մնում, խրախույս կարդացին եւ... 300 քաջեր դուրս գալով բերդից, ամեն մինը մի-մի Սասնա Դավիթ, ձայնեցին, մտան թուրքի զորքի մեջ: Երեք հարյուրը՝ յոթանասուն հազարի դեմ:
Հայոց գունդն աջ ու ձախ կոտորելով՝ խուճապի մատնեց անակնկալի եկած օսմանցուն եւ ահ ընկավ նրանց վրա Տիրոջից. ապշեցին, տկարացան, հուսալքվեցին եւ միմյանց ոտնատակ տալով՝ մեծ վայնասունով դիմեցին փախուստի: Եւ այն օրն օսմանցիների բանակից ընկավ տասներեք հազար զինվոր, իսկ հայերից՝ քչերը: Թուրքերը մարտի դաշտում թողեցին 148 դրոշակ, զենք ու զինամթերք, անթիվ ու անհամար վիրավորներ: Դավիթ Բեկի ու Մխիթարի անունն ու ահը տարածվեց օսմանցոց երկրում:
ՀԳ - Հալիձորի ճակատամարտը հայերի՝ օսմանյան զորքերի դեմ տարած ամենամեծ հաղթանակն է:
Հայե՛ր, գիտե՞ք, որ