Ավատատիրական հարաբերությունների խորացումը եւ որպես այս երեւույթի անմիջական դրսեւորում՝ Նախճավան քաղաքի պատկանելության հարցում առկա տարաձայնությունները Սյունիների ու Արծրունիների միջեւ, պատճառ հանդիսացավ Հայաստանի քաղաքական մասնատման։ Առաջինն այդ քայլին դիմեցին Արծրունիները։
Դժգոհ քեռու՝ Սմբատ Ա-ի որոշումից, այն է Նախճավանը թողնել Սյունիների տիրույթում, Գագիկ Արծրունին Ատրպատականում հաստատված սաջյանների գործուն աջակցությամբ 908 թ․ թագադրվեց, իսկ մեկ տարի անց՝ 909 թ. գարնանը, երբ հայերը տոնում էին Ս. Զատիկը, նրա ու արաբ ամիրա Յուսուֆ Սաջյանի միացյալ բանակը ներխուժեց Հայաստան:
Սմբատն անակնկալի եկավ այս անսպասելի արշավանքից։ Սյունիքի ու Արարատյան դաշտավայրի հարյուրավոր բնակավայրեր հողին հավասարեցվին... 910 թ. Այրարատ նահանգի Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում միմյանց դեմ դուրս եկան գերազանցապես հայկական զորքերը' Արծրունիներն ընդդեմ Բագրատունիների: Արքայորդիներ Աշոտ Երկաթն ու Մուշեղն առաջնորդեցին զորքը: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց եւ Յուսուֆի հրամանով գլխատվեց, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները:
914-ին խաբեությամբ գերվեց ու գլխատվեց նաեւ Սմբատ արքան։ Շուրջ տասը տարի Հայաստանն ավերվեց ու կողոպտվեց: Միայն Սեւանի ճակատամարտից (921 թ․) հետո նախաձեռնությունն անցավ հայերի կողմը եւ Աշոտ Բ Երկաթի համառ ջանքերի արդյունքում թշնամին դուրս վտարվեց երկրից։
ՀԳ - Ձկնավաճառի ճակատամարտից որոշ ժամանակ անց Գագիկը զղջաց, հասկացավ, որ արաբներն օգտագործել են իրեն, զենքն ուղղեց նրանց դեմ եւ դուրս վտարեց հայրենի Վասպուրականից: Ապա Մանուել ճարտարապետին պատվիրեց կառուցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ մեղքերի թողության եւ ազգի ներողամտությանն արժանանալու համար: