newsbook.am Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սկսել է իր այցելությունները Կալիֆորնիայի նահանգ՝ որոշելով այցելել նաև հայաշատ Գլենդեյլ: Հայ համայնքը ոգևորված չէ նախագահի այցելությամբ և որոշել է բողոքի ակցիաներով դիմավորել նրան և կոչ անել հիշելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր երբեմնի խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։

Դիմակայությունը և հիասթափությունը մեծացան հատկապես վերջերս, երբ Սպիտակ տունը հրաժարվեց Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած ձեռագործ գորգը փոխանցել դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիտուտում կայանալիք միջոցառմանը ցուցադրելու համար։1925 թվականին Լիբանանում պատսպարված հայ որբերը հյուսել էին գորգ և այն ուղարկել ԱՄՆ՝ նախագահ Քելվին Քուլիջին: Այս գորգը երկար ժամանակ համարվում է Ամերիկայի հարստություններից մեկը, ԱՄՆ շատ նախագահներ հպարտացել են նրանով, իսկ Ռեյգանն այն համարում էր նախագահական հավաքածուի զարդերից մեկը:

Ինչպես տեղեկացանք ԱՄՆ մեր աղբյուրներից, ամերիկահայ Հակոբ Դերանյանը գիրք է գրել այդ գորգի մասին, ուստի Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարները խնդրել են թույլ տալ գորգը ներկայացնել գրքի շնորհանդեսին: Սպիտակ տունը, սակայն, մերժել է, նախ՝ անհասկանալի պատճառներով, հետո, ի վերջո, պատճառաբանել են, թե «դա շատ կարևոր, պատմական արժեք ունեցող գորգ է, և չեն ուզում մի կես օրվա համար տեղափոխել այն»:Հայկական համայնքում չեն հավատում Սպիտակ տան պատճառաբանությանը և համոզված են, որ թուրքական լոբբին է կարևոր դեր կատարել, Օբաման չկամենալով հերթական անգամ «փչացնել» իր հարաբերությունները թուրքերի հետ, որոշել է թույլ չտալ գորգի ցուցադրությունը: Մինչդեռ այդ գորգը մեկ անգամ ևս կհավաստեր, որ տեղի է ունեցել մարդկության պատմության ոճիրներից մեկը: Ավելին, գորգի ցուցադրմամբ, Օբամայի վարչակարգն անուղղակիորեն կհաստատեր, որ ճանաչում է Ցեղասպանության փաստը: Արևմտյան ափի հայկական կառույցներն արդեն սկսել են դատապարտել Օբամայի քայլը և ասուլիսներով ու քննարկումներով, մամուլում տեղ գտած հրապարակումներով սուր քննադատության են ենթարկում Օբամայի հերթական դավաճանությունը սեփական սկզբունքներին։

Կոնգրեսի երեք տասնյակ անդամ ստորագրել և Սպիտակ տուն են ուղարկել նամակ՝ պահանջելով գորգը ներկայացնել հիշյալ միջոցառման ժամանակ: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Գլենդեյլի շրջանի կոնգրեսական է, նույնպես նամակ է պատրաստել և երեկ հայտարարեց, որ պահանջում է այդ գորգը մշտական ձևով ցուցադրել ամերիկյան ժողովրդին կա՛մ Կոնգրեսի սրահներից մեկում, կա՛մ որևէ այլ հարմար տեղ:
Ամերիկյան մամուլի քննադատությունների կիզակետում է հայտնվել այս փաստը, շատերն են դատապարտող խոսքեր հնչեցնում ինչպես Օբամայի, այնպես էլ նրա վարչակարգի հասցեին, իսկ ահա Արևմտյան ափի հայկական գաղութում համոզված են, որ Օբաման հերթական անգամ ջուր է լցնում թուրքական քարոզչության ջրաղացին, իր այդ քայլով յուրովի ժխտում է Ցեղասպանության փաստը՝ այսպիսով վիրավորանք հասցնելով ԱՄՆ հայ քաղաքացիներին:

Այս ամենի մասին պատրաստվում են հայտնել Օբամային, հանդես գալ իրենց բողոքն արտահայտող հայտարարություններով, անգամ նշել, որ ԱՄՆ նախագահ Օբաման անցանկալի անձ է այս համայնքում։