Խորհրդային Ռուսաստանի, այնուհետեւ ԽՍՀՄ արտաքին հետախուզության առաջին ղեկավարը' ծննդով ագուլիսցի Հակոբ Քրիստափորի Դավթյանն է: 1920 թվականի ապրիլի 20-ին, Ֆելիքս Ձերժինսկու հրամանագրով, 32-ամյա Հակոբ Դավթյանը նշանակվել է Խորհրդային Ռուսաստանի նորաստեղծ արտաքին հետախուզության բաժնի պետ:

Նա եղել է բազմաթիվ երկրներում, համատեղել դիվանագիտական ու հետախուզական աշխատանքը: Արտերկրում ստեղծել է գործակալական լայն ցանց, հավաքագրել լրտեսներ: Տիրապետել է մի շարք լեզուների: Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ ստեղծել է սերտ կապեր:

 

 

 

1937 թ. Դավթյանին Լեհաստանից հետ են կանչել, մեղադրել լեհական հետախուզության հետ համագործակցելու և այլ շինծու մեղադրանքներով, ձերբակալել ու ենթարկել անասելի կտտանքների: Ներքին գործերի ժողկոմ Եժովը Ստալինին ուղարկել է հետևյալ գրությունը. ‹‹Դավթյանը տվեց լրացուցիչ ցուցմունք առ այն, որ 1937 թ. Փարիզում Անդրֆեդերացիայի ներկայացուցիչ Սիմոն Փիրումովն իրեն ծանոթացրել է մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի հետ, և իրենք եկել են համաձայնության' անգլիացիների օգնությամբ Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատելու եւ անկախ հայկական պետություն ստեղծելու ուղղությամբ››:

1938 թվականի հունիսի 28-ին խորհրդային հետախուզության ղեկավարին մահապատժի են ենթարկել: