Ազգային ժողովը, օգտվելով ոչ իշխանական ուժերի բոյկոտից, սահուն կերպով հավանություն տվեց կառավարության ներկայացրած վարկային փաթեթին, որով նախատեսվում է 7 վարկային համաձայնագրերով ևս 280 միլիոն դոլարով ավելացնել արտաքին պարտքը:


Որքան էլ կառավարությունն արդարացնի, թե դրանք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են, այդուհանդերձ, ՀՀ արտաքին պարտքը հասնում է 4.5 միլիարդ դոլարի:


Տնտեսագետ, կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այդ թիվը մտահոգիչ, բայց սարսափելի չի համարում. նախ նրա համար, որ մեր պարտքը համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն էլ չի կազմում, և հետո աշխարհի բոլոր երկրներն էլ պարտք ունեն, իսկ մեր նման երկրների համար դա միջոց է տնտեսությունը, երկիրը զարգացնելու համար:


Վարկերի արդյունավետ օգտագործումը նորանկախ Հայաստանի ամենից ցավոտ խնդիրներից է և այսօր, առավել քան երբևէ, պետք է պետությունը վարկերի օգտագործման կոշտ վերահսկողական գործառույթներ սահմանի:

 

 

Արման Ղարիբյան