Հայաստանի արտաքին պետական պարտքը այս տարի ոչ միայն չի ավելացել, այլեւ նույնիսկ նվազել է
Պատճառն այն է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը տարեսկզբին ավելի շատ պարտք են մարել, քան նոր վարկեր վերցրել։ Դա էլ հանգեցրել է ներգրաված վարկային միջոցների կրճատմանը։
Լա՞վ է սա, թե՞ վատ, այլ հարց է։
Հայաստանում ընդունված է թերահավատորեն նայել վարկերին։ Դա բնականաբար ունի իր պատճառները. վարկային միջոցները, որոնք ծանրացնում են երկրի պետական պարտքի բեռը, ոչ միշտ են նպատակային եւ արդյունավետ օգտագործվում։ Բազմիցս են չարաշահումների հետ կապված փաստերը։ Մի բան, որ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորել վարկերի նկատմամբ։
Մյուս կողմից՝ այնպես չէ, որ արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը բացառապես աննպատակահարմար է։ Դրանք սովորաբար շատ ավելի էժան գումարներ են, քան գոյություն ունեն ներքին տնտեսության մեջ։ Ուստի այդ միջոցների առկայությունը մեծապես նպաստավոր է ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Այլ հարց է, թե դրանք ինչպես են օգտագործվում։
Վ. ԹԱՐՓՈՇՅԱՆ