1896ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մէջ էր ծերունի Տէր Սարգիսը:
- Հայրիկի աջը կ՛ուզեմ համբուրել,- խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:
- Բարով, Տէր հայր,- աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու հետ եկաւ, կանգնեց դահլիճի մէջտեղը յոգնած, խորտակուած:
- Որտեղի՞ց կու գաս:
- Սասունի կողմերէն. ես Տէր Սարգիսն եմ... Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրի՛կ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս․․․
- Է հիմի՞...
- Ես ոչինչ չեմ ուզում, Հայրի՛կ, ես... այնպէս, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում...
- Ու Հայրիկի առաջ՝ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին:
- Քանի՞ որդի կորցրիր, տէր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
- Ամէնքը միասին քսան, Հայրի՛կ:
- Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան՝ եղաւ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տէր Սարգիս...
Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր:
- Ո՞ւմ վիշտն է մեծ, Տէր Սարգիս:
- Հայրիկինը...
- Դէ ե՛կ, Տէր Սարգիս, մօտ եկ, աջդ դիր գլխիս, աղօթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:
Ասաւ ու գլուխը խոնարհեց:
Քահանան շտապեց առաջ, աջը դրաւ իր Հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով...
Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին...
Նրա առաջ՝ խոնարհած էր հայոց Հայրիկը...